Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունն անցյալ տարի ստացել է 600մլն․ դրամի շահույթ. Արդարադատության նախարար

21-01-2022 21:03

Հարկադիր կատարումն ապահովող Ծառայության վարչական շենքում Ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ այսօր՝ հունվարի 21-ին, տեղի է ունեցել Ծառայության 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին ներկա է եղել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Միջոցառման սկզբում ներկայացվել է հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալների, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական գործողությունների ցուցանիշները: Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով: 2021թ. ընթացքում պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտնին բռնագանձվել է ավելի քան 42միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 26%-ով: Տարեկան ամփոփիչ խորհրդակցութան ժամանակ առանձնահատուկ կարևորվել է տեխնոլոգիական նորագույն գործիքների կիրառմամբ կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովումն ու քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների որակի շարունակական բարձրացումը:   Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները: Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ: Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ գխավոր հարկադիր կատարողի հրամաններով խրախուսվել են Ծառայության մի շարք աշխատակիցներ: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության ցուցանիշներով ընտրվել են լավագույն բաժինները: Հաշվետու խորհրդակցությանը հաջորդել է նորանշանակ 8 հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Lragir.am,
21-01-2022 21:03