Ազգային ժողովը մեր հասարակության հայելին է

Lragir.am-ի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Պարոն Բաբայան, Ազգային ժողովում քննարկումների բառապաշարն ու բովանդակությունը ինչպե՞ս եք գնահատում: Այդպիսին չպետք է լինի Ազգային ժողովի բովանդակությունը, բայց, ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք: Եվ, ցավոք սրտի, այդ Ազգային ժողովը մեր հասարակության հայելին է: Եթե հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, մերժի նման պահվածքն ու բառապաշարը, ապա դա չեն օգտագործի: Բայց ես համոզված եմ, որ բազմաթիվ կողմնակիցներ ողջունում են նման պահվածքը, միայն հակառակորդին են վերագրում բոլոր մեղքերը, սեփական թիմակիցներին արդարացնում են: Բաներ կան, որ անընդունելի են՝ անկախ քաղաքական և գաղափարական հայացքներից: Դա անկիրթ պահվածքն է, վիրավորանքն է: Այնտեղ, որտեղ կա վիրավորանք, պիտակավորում, այնտեղ չկա առողջ, գաղափարական, առարկայական բանավեճ: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն ինքը պիտի որոշի՝ ինչպիսի բանավեճի մակարդակ է ինքն ուզում և մերժի նման դրսևորումները: Սա պետք է մերժվի միանշանակ, ընդ որում, պետք է մերժվի բոլոր մակարդակներում՝ լինի դա մամուլում, հեռուստատեսությունում, թե Ազգային ժողովում: Անթույլատրելի է, պարզապես պետք է չտարածել ու չգովաբանել նման մշակույթը: Հակառակ դեպքում մենք ինքներս պարզապես մեր դատավճիռն ստորագրում ենք, որ մենք քաղաքակիրթ հասարակություն չենք: Իսկ Ազգային ժողովը չի ներմուծվել ուրիշ երկրից կամ մոլորակից, մենք ինքներս ենք ընտրել նրանց: Միշտ պետք է դրա մասին մտածել՝ ում ես ընտրում: Երկրի առջև ծառացած են բազմաթիվ լուրջ խնդիրներ, ինչո՞ւ խորհրդարանը դրանց լուծմամբ չի զբաղվում: Երբ չեն հերիքում գիտելիքները, ընդ որում՝ բազիսային գիտելիքները` նման քննարկում իրականացնելու համար, ամենահեշտ ճանապարհը վիրավորանքի անցնելն է, որովհետև վիրավորանքն այլևս որևէ հիմնավորում չի պահանջում: Վիրավորում են, ասում են՝ դավաճան ես, թուրք ես, ռուս ես, ադրբեջանցի ես, և վերջ, այլևս մենք չենք քննարկում բովանդակությունը: Դուք ասում եք՝ մարդիկ են ընտրել այս Ազգային ժողովը, հասարակության պահանջն իրո՞ք սա է: Եթե անկեղծ խոսենք, ապա նախորդ տարի նախընտրական փուլում էլի բովանդակային քննարկումներ չեղան, եղան փոխադարձ մեղադրանքներ: Եվ դեռ այն ժամանակ ես անընդհատ դա էի ասում՝ եկեք իրենցից պահանջենք բովանդակային քննարկում: Վերջիվերջո ամեն քաղաքական ուժ պետք է ունենա հարցերի լուծման իր գաղափարախոսությունը: Ամենահեշտ տարբերակն ասելն է՝ սա սրիկա է, սա դավաճան է, ինձ ընտրեք, ավելի լավ կլինի: Եկեք մի քիչ ավելի խորը մտածենք՝ իսկ ինչո՞ւ, հիմնավորումը որտե՞ղ է, որ ավելի լավ կլինի, ինչո՞վ ավելի լավ կլինի: Ասեք, բերեք փաստարկներ: Այսօր փաստարկները քիչ են, իսկ երբ փաստարկները քիչ են, անցնում են նման մակարդակի: Այս իրավիճակն առաջին հերթին պետք է մերժվի հասարակության առաջարկով: Քաղաքական ուժերը բոլորն էլ պոպուլիստ են, իրենք առաջին հերթին ոչ թե մտածում են որակի մասին, առավել ևս ընտրությունների ժամանակ, այլ քանակի մասին, որովհետև այն քվեաթերթիկը, որը գցվում է, այնտեղ որակ չի երևում, քանակ է երևում: Ուրեմն, մեր բոլորիս խնդիրը, առաջին հերթին՝ մտավորականների, ուսուցիչների և մյուսների խնդիրը ընտրողների որակը բարձրացնելն է: Ինչպիսին լինի որակը, այդպիսին կլինի պահանջը: Իսկ իրականում յուրաքանչյուր հասարակություն ունի միայն մի պրոբլեմ՝ ինչպե՞ս անել, որ քանակը դառնա որակ:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
21-01-2022 22:25