Իշխանության գործողությունները հստակ պարունակում են Քրեական օրենսգրքի 28-րդ գլխի բոլոր հանցագործությունների հատկանիշները

22-01-2022 16:12

Lragira.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Տիկին Ալավերդյան, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ առաջարկությունների փաթեթ են ուղարկել Ադրեջանին, ըստ որի՝ առաջարկվում է զորքերը հայելային եղանակով հետ քաշել: Ինչո՞ւ պետք է Հայաստանի զորքերը հետ քաշվեն, ի՞նչ վտանգ է պարունակում այս գործընթացը: Նախ ես պետք է հստակեցնեմ, այս իշխանությունը Հայաստանի իշխանությունը չէ, այս իշխանությունն ամբողջովին իրականացնում է վաղուց պլանավորված Հայաստանի՝ որպես պետություն ոչնչացման ծրագիրը: Ձեր հարցի պատասխանը տրված է ԵԱՀԿ-ի ձեռնարկի մեջ, որը կոչվում է միջպետական սահմանների սահմանազատում և սահմանագծում: Այնտեղ հստակ գրված է, որ այդպիսի գործողությունները պետք է նախ և առաջ տեղի ունենան քաղաքական լայն քննարկումների արդյունքում: Դա չի արվել, և մենք հասկանում ենք, որ այդ քննարկումները տեղի են ունեցել այլ պետության քաղաքական ուժերի և քաղաքական շրջանակների հետ: Երկրորդ, այնտեղ հստակ գրված է, որ այդ գործընթացում պետք է ընդգրկվեն ինչպես մասնագետներ, այնպես էլ այն համայնքների տեղական ինքանակառավարման մարմինների ներկայացուցիչները, որոնց հետ անմիջապես առնչվում են այդ խնդիրները: Համոզված եմ, որ դա քննարկվել է, բայց ընդգրկվել են մյուս կողմի՝ Ադրբեջանի տեղական և պետական իշանությունների ներկայացուցիչները: Այսպիսով, մենք պետք է հստակեցնենք՝ այն, ինչ արվում է, արվում է  ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և պետականության: Նախորդ տարվա դեկտեմբերին հայկական զորքերն արդեն հետ քաշվել են: Եթե դարձյալ նահանջ լինի, ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ պետք է անել: Մենք ոչ միայն դեկտեմբերին ենք նահանջել, մենք նոյեմբերի 9-ի ստորագրությամբ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ կառավարության ներկայացուցիչն ստորագրել է այդ նույն եռակողմ հայտարարության մեջ ընգրկված կետը, որը վերաբերում է նրան, որ կողմերը մնում են այնտեղ, որտեղ կանգնած էին: Եթե մինչ այսօր ընդդիմությունը կամ հասարակությունը չեն կարողացել դատի տալ այդ պաշտոնն զբաղեցնող անձին՝ քաղաքացի Փաշինյան Նիկոլին չեն կանգնեցրել դատարանի առջև, ապա դա միայն ու միայն նշանակում է, որ այդ գործընթացն այսօր ևս շարունակվում է: Ընդ որում, շարունակվում է միջազգային հանրության համաձայնության ներքո: Եվ ես կոչ եմ անում ոչ միայն խոսել Ռուսաստանի մասին, այլ բոլոր այն պետությունների ու միջազգային կազմակերպությունների մասին, որոնցից մենք վերջին ժամանակներս ստանում ենք հորդորներ, խոստումներ և գործողություններ՝ ինչ-ինչ գումարներով ու ծրագրերով օգնելու մնացած Հայաստանին ու չեն խոսում Արցախի մասին: Դրա համար ես ասում եմ՝ ընդդիմության գործողությունները բոլորովին բավարար չեն, մեր իրավական ու ակադեմիական համայնքի գործողությունները բացարձակ բավարար չեն: Եվ արդեն 1,5 տարի է՝ ես առաջարկում եմ կազմել հասարակական կամ քաղաքացիական տրիբունալ կոչվածը, որտեղ կհավաքագրվեն բոլոր այն տվյալները, որոնք վկայում են, որ իշխանության գործողությունները հստակ պարունակում են Քրեական օրենսգրքի 28-րդ գլխի բոլոր հանցագործությունների հատկանիշները: Այդ գլուխը կոչվում է «Սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ հանցագործություններ»:

Lragir.am,
22-01-2022 16:12