Ինչու են բոլորը «փախչում» Ռուսաստանից

Ռուսաստանը «իր մարդկանց» ուղարկել է Մերձդնեստր՝  կանխելու Մոլդովայի անկախացումը Խորհրդային Միությունից, Pro TV-ին տված հարցազրույցում ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն: Այժմ Քիշնեւը փորձում է Մոսկվայի հետ համաձայնության գալ Մերձդնեստրից զորքերը դուրս բերելու շուրջ: Նախագահը նաեւ ասել է, որ Մոլդովան Ռուսաստանի հետ «դժվար, բայց անհրաժեշտ» երկխոսություն է վարում Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման շուրջ: Մոլդովան վճարել է ռուսական գազի դիմաց և փակել Գազպրոմին ունեցած պարտքը, որը սպառնում էր անջատել գազը: Ռուսաստանի «խորհրդային» սահմանների ողջ պարագծով մերժում են Ռուսաստանին: Մոսկվան դա ներկայացնում է որպես ՆԱՏՕ-ի կողմից հետխորհրդային տարածքի «օկուպացիա»՝ նախկին խորհրդային հանրապետություններն անվանելով «անտեր»: Արեւմուտքն ասում է, որ այդ երկրներն անկախ են եւ իրավունք ունեն ինքնուրույն ընտրություն կատարել: Ռուսաստանը չի կարող պատասխանել ՆԱՏՕ-ի այս փաստարկին, քանի որ հակառակ դեպքում ստիպված կլինի պաշտոնապես հրաժարվել նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության ճանաչումից: Առայժմ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելուց նրանց հետ է պահում հակամարտությունների և գազային ճնշման միջոցով: «Այսօր մենք լսել ենք ընտրության ազատության, դաշինքների ընտրության ազատության, ռազմական դաշինքների մասին փաստարկների կրկնությունը, սակայն մենք մեջբերել ենք մի շարք փաստաթղթեր, որոնցում դաշինքների ընտրության այս ազատությունը պայմանավորված է որևէ քայլից խուսափելու անհրաժեշտությամբ, որը կամրապնդի մի պետության անվտանգությունը՝ ի վնաս մյուս երկրների անվտանգությանը,- ասել է ՌԴ արտգործնախարար Լավրովը պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպումից հետո: Լավրովը փորձել է ապացուցել, որ Ռուսաստանը «երբեք չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին իր պաշտոնյաների անունից» և չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն «ստեղծվել է ԽՍՀՄ-ի դեմ, իսկ այժմ այն ​​աշխատում է Ռուսաստանի դեմ»: Լավրովի խոսքով՝ դրանով է բացատրվում Մոսկվայի դիրքորոշումը դեպի Արեւելք «ՆԱՏՕ-ի չընդլայնման սկզբունքային հարցի վերաբերյալ»: Միաժամանակ Լավրովը չի կարևորում հենց հետխորհրդային երկրների կարծիքը՝ արդյոք նրանք ցանկանում են դաշինքի մեջ մնալ Մոսկվայի հետ և ինչո՞ւ են բոլորը «փախչում» Ռուսաստանից: Մոսկվան, ըստ ամենայնի, այլեւս փաստարկներ չունի:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
23-01-2022 10:44