Հայաստանի նկատմամբ ճնշումներ կլինեն, որպեսզի արագ իրականացվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը Պարոն Վարդանյան, Ազգային ժողովում քննարկումների բովանդակությունն ինչպե՞ս եք գնահատում: Այս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ ամենաանորակ ու վատ խորհրդարանն է իր կազմով: Մարդիկ են ընտրված, ովքեր մեծամասամբ քաղաքական ու պետական մտածելակերպ չունեն: Նրանք մարդիկ են, ովքեր միայն էժանագին PR-ով ու պոպուլիզմով են զբաղված: Նրանց մեծ մասին հենց դրա համար էլ բերել են խորհրդարան: Այսօր մեր տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է, որից ուղղակիորեն տուժելու է նաև Հայաստանը: Մեր խորհրդարանին այս հարցերը պետք է մտահոգեին: Այսօր Ռուսաստան-Ուկրաինա լարվածության ֆոնին, եթե Ռուսաստանը պատերազմ սկսի, ապա միանշանակ է, որ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի նկատմամբ: Իսկ դրա հետևանքով մենք նույնպես տուժելու ենք, որովհետև Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է: Եվ ՌԴ նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն ազդելու են նաև Հայաստանի վրա: Նաև չի բացառվում, որ եթե ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակն ավելի լարվի, Ադրբեջանը կփորձի օգտվել այդ իրավիճակից և սահմանին լարումեր կառաջացնի, ինչին չգիտեմ, թե ինչքանով ենք պատրաստ: Այսինքն՝ մեր առաջ ծառացած խնդիրներն այսօր բավական շատ են, իսկ խորհրդարանում զբաղված են էժանագին պոպուլիզմով և ոչ ավելի: Ինչո՞ւ խորհրդարանը չի քննարկում Արցախի, Հայաստանի հիմնախնդիրները: Իշխող խմբակցությունը մերժեց նաև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ հարցի քննարկումը: «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը բարձրացրեց տարածքային ամբողջականության խախտման հարցերը, որին վարչապետը խուսափեց պատասխանել: Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով խուսափեց այդ հարցերին պատասխանելուց: Ադրբեջանը կարծես մերժել է հայկական կողմի առաջարկը՝ զորքերի հետքաշման վերաբերյալ: Եվ կարծում եմ, որ առաջիկայում այս հարցով ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ կլինեն, որպեսզի արագ իրականացվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օրերս էլ նաև Լավրովը նշեցին, որ իրենք հանդես են գալիս հայ-ադրբեջանական սահմանին անհապաղ սահմանազատում իրականացնելու հարցով: Իմ համոզմամբ, Ռուսաստանը շահագրգռված է այս գործընթացով, որ Ադրբեջանին ԵԱՏՄ և ՀԱՊԿ բերի: Բայց այստեղ կա մի նրբություն՝ չեն կարող այդ ռազմաքաղաքական և տնտեսական միության մեջ լինել երկրներ, որոնք միմյանց հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահմաններ: Իսկ դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահմաններ ունենալու համար Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի իրականացվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որից հետո արդեն Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ և ՀԱՊԿ տեխնիկական հարց կլինի: Ռուսական կողմն էլ, հայկական կողմն էլ խոսում են սահմանազատումը ԽՍՀՄ քարտեզներով իրականացնելու մասին՝ հիշատակելով 1970-ականների քարտեզները: Սա ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել: Իհարկե, 1974 թվականի քարտեզով նաև անկլավների հարցը կարող է առաջ գալ: Ամեն ինչ կախված է հայկական կողմի դիվանագիտական ճկունությունից և այն բանից, թե ինչքանով իրենք տեղի կտան ճնշումներին: Գոնե անկլավների մասով մենք պետք է հարցը կտրուկ դնենք, որ որևէ կերպ չենք տալու այդ տարածքները, որովհետև այդտեղով անցնում են մեր ռազմավարական ճանապարհները: Այս հարցում հայկական կողմը պետք է շատ կոշտ դիրքորոշում որդեգրի: Այդ գործընթացը շատ ռիսկային է, Հայաստանի վրա ճնշումն այս պահին մի քանի ուղղությամբ է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
23-01-2022 20:19