Ինչու հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը

24-01-2022 09:14

Հրաժարականի ուղերձում Արմեն Սարգսյանը նշում է պատճառները, ըստ որոնց՝ նախագահը չունի սահմանադրական անհրաժեշտ լիազորություններ երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ազդելու, ճգնաժամը կանխելու համար՝ «Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք»: Արմեն Սարգսյանը նշում է, որ նախագահի հնարավորությունները տարբեր քաղաքական խմբեր ընկալում են որպես սպառնալիք, նախագահական ինստիտուտը դարձել է բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ, նախագահը եւ երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Արմեն Սարգսյանը որոշակի ակնարկներ է անում նաեւ առաջիկայում սպասվող արմատական իրադարձությունների վերաբերյալ, ինչը քաղաքագետների շրջանում ենթադրության տեղիք է տվել, որ նա չի ցանկանում ստանձնել այդ իրադարձությունների եւ ՀՀ կառավարության կայացրած կամ կայացնելիք որոշումների պատասխանատվությունը: Արմեն Սարգսյանը հիմնավոր պատճառներ է բերում, թեեւ նույնքան հիմնավոր վերպահումներ կարող են լինել: Մասնավորապես, երբ նա ստանձնում էր նախագահի պաշտոնը, ենթադրվում է, որ կարդացել էր Սահմանադրությունը եւ գիտեր իր լիազորությունների մասին: Բացի այդ, ստանձնելով նախագահի պաշտոնը, ենթադրվում է, որ Արմեն Սարգսյանը ծանոթ էր հայկական քաղաքական դաշտին, որը միայն պայմանական կարելի է կոչել այդպիսին: Այդ դաշտում վխտում են գերազանցապես բարդույթավորված, կենցաղային պատկերացումներով մարդիկ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ եւ որոնց պատկերացումը քաղաքականության մասին հանգում է բամբասանքին ու դավադրություններին: Ենթադրվում է, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնել է՝ քաջ տեղյակ լինելով այս հանգամանքներին, եւ ըստ այդմ խնդիրն այլ տեղ է եւ կապված է առաջիկա զարգացումների հետ, որոնք ենթադրում են հայկական պետականության վերացումը: Մոսկովյան այս ծրագիրը Ղազախստանի եւ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին մտել է հանգուցալուծման շրջան, որն արտահայտվեց Կրեմլի ու  ՌԴ ԱԳՆ՝ Հայաստանին ներկայացված վերջնագրով՝ «սահմանազատման» ու զորքերը «հայելային» հետ քաշելու ձեւով: Մոսկվայի այս ծրագիրը ենթադրում է հայկական պետական ինստիտուտների կազմաքանդումը, ինչը հաջողությամբ իրականացնում է ՔՊ-ական իշխող խմբակը: Մոսկովյան քվոտաներով վերացված ԱԺ-ին, ԱԳՆ ջախջախմանը, բանակի «բարեփոխումներին», ՏԻՄ ոչնչացմանն ավելանում է նախագահի՝ որպես ինքնիշխան պետականության երաշխավորի ինստիտուտի կազմաքանդումը, սեփական պարտականություններից դրանց «ինքնամեկուսացման» պայմաններում: Արմեն Սարգսյանը 1996-ին հեռացավ «առողջական պատճառներով»: Ներկայիս հրաժարականի տեքստն ավելի «բովանդակալից» է, բայց հիմա կիսատ-պռատ ակնարկների ու խղճուկ տրտունջների ժամանակը չէ: Քաղաքական քաջությունն ու երկրի հանդեպ մտահոգությունը պետք է արտահայտվեն այլ տեսքտերով ու այլ ձեւակերպումներով: Հակառակը պարզ փախուստն է:

Lragir.am,
24-01-2022 09:14