Ռուսաստանի հիբրիդային արշավի դեմ նոր ռազմավարությունը սկսում է աշխատել

Ռուսաստանը Վրաստան, Սիրիա, Ուկրաինա և Հայաստան ներխուժումներն ուղեկցեց տեղեկատվական գրոհներով և Արևմուտքին ուղղված մեղադրանքներով, սակայն Ղազախստանում զորքերի տեղակայման պատմությունը կոտրեց Կրեմլի տեղեկատվական «սվինները»: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պաշտոնապես ոչ լեգիտիմ են հայտարարել Մոսկվայի գործողությունները, իսկ Չինաստանն ու Թուրքիան պահանջել են անհապաղ դուրս բերել զորքերը: Ղազախստանի շուրջ տեղեկատվական ճակատամարտը դարձել է Ռուսաստանի տեղեկատվական գրոհին դիմակայելու նոր ռազմավարության ցուցիչը՝ չտրվել Կրեմլի սպառնալիքներին և տեղեկատվական սադրանքներին: Արեւմտյան երկրները սկսել են ոչ միայն իրերն իրենց անուններով կոչել, այլեւ հրապարակել վերլուծական ու հետախուզական տվյալներ, կանխելու համար Կրեմլի ծրագրերը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել, որ Կրեմլը փորձելու է Կիևում ռուսամետ իշխանություն հաստատել: Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը հատուկ գործակալներ է ուղարկել Ուկրաինայի արևելք, որոնք անցել են պայթուցիկ նյութերի հետ աշխատելու պատրաստություն՝ կեղծ պատրվակով սադրիչ գործողություն իրականացնելու համար, որ «ոչ ուշ, քան փետրվարի կեսերը» Ուկրաինա ներխուժելու առիթ ստեղծեն: Խոսվում է նաեւ այդ նպատակով ռուսական հատուկ ծառայությունների կողմից ռուսամետ գործիչների դեմ մահափորձերի մասին: Սպիտակ տան խոսնակն ասել է, որ դեկտեմբերին Կրեմլի ուկրաինական արշավին աջակցող ռուսալեզու գրառումների թիվն աճել է 200 տոկոսով, և հիմա ամեն օր մոտ 3500 նման հաղորդագրություններ են հայտնվում սոցիալական ցանցերում: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Ռուսաստանը նմանատիպ մարտավարություն է կիրառել 2014 թվականին, երբ Մոսկվան գրավել է Ղրիմը և աջակցել Ուկրաինայի արևելքի անջատականներին: Օրերս տարածվեց մեկ այլ տեղեկություն: Ռուսական զորքերը, որոնք ներկայում ուղարկվում են Բելառուս՝ մասնակցելու Մոսկվայի և Մինսկի համատեղ զորավարժություններին, կարող են օգտագործվել հարևան Ուկրաինայի վրա հարձակվելու համար, հունվարի 19-ին հայտնել է Պետդեպարտամենտը: Պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանը ապատեղեկատվություն կտարածի ամերիկա-ռուսական ընթացիկ բանակցություններից հետո չստանձնած պարտավորությունների մասին կամ կշարունակի սադրանքները՝ որպես պատրվակ Ուկրաինայում իրավիճակն էլ ավելի ապակայունացնելու համար, հունվարի սկզբին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Ռուս քաղաքական գործիչները երկու տասնամյակ շարունակ պնդում են, որ հավաքական Արևմուտքը 1990 թվականին 2+4 ձևաչափով Գերմանիայի վերամիավորման վերաբերյալ բանակցությունների ժամանակ խոստացել է Մոսկվային, որ ՆԱՏՕ-ի չի ընդարձակվի դեպի արևելք, ինչը նշանակում է, որ Վարշավայի պայմանագրի երկրները չեն անդամակցի կառույցին: Մոսկվան դրա վրա է կառուցել ՆԱՏՕ-ի չընդլայնվելու մասին իր վերջնագիրը: Սակայն պարզվում է, որ խոստումներ չեն եղել: Ավելի վաղ, 2014 թվականին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում Միխայիլ Գորբաչովն ասել էր. «ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը այդ տարիներին ընդհանրապես չի քննարկվել ու չի ծագել: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
24-01-2022 15:25