Արտակ Բեգլարյանն ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականներին

24-01-2022 17:53

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից: Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընգգծել է հատկապես հոգևոր ամենակարևոր արժեքները պահպանելու հարցում ստանձնած առաքելությունը: Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ, վերջիվերջո, և՛ Դադիվանքի, և՛ առհասարակ Արցախի կարգավիճակի, անվտանգության ու արժեքային հավերժականության հարցը կստանա արդարացի լուծում: ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ուժ ու կորով է մաղթել Դադիվանքի արդեն նախկին և ներկա հոգևոր սպասավորներին՝ անխաթար իրականացնելու իրենց առաքելությունը՝ ի շահ Արցախի վերականգնման ու զորացման: Հանրապետության նախագահի հրամանագրով՝ հետպատերազմյան դժվարին պայմաններում Դադիվանքի վանական համալիրում անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու, վանքախնամ աշխատանքներ իրականացնելու համար «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել երկու աբեղա և 3 սարկավագ: Պետական նախարարը հանդիպմանը ներկա հոգևոր դասին է հանձնել պետական պարգևները: Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով հոգևորականներին պարգևատրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնելով իրենց ծառայության համար, վերահաստատել է Հանրապետության նախագահի գլխավորությամբ Արցախի իշխանությունների և Եկեղեցու միջև պետականամետ և ազգակենտրոն սերտ համագործակցությունը:

Lragir.am,
24-01-2022 17:53