Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմեն Սարգսյանի հրաժարականին

24-01-2022 20:33

Այսօր հրավիրած առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին ու նրա արած հայտարարությանը: «Որոշումն ինքը նախագահն է կայացրել, և ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը ժամեր առաջ՝ մոտ 3,5 ժամ առաջ: Նա երեկ հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ, և մենք խոսել ենք այդ մասին: Ես նախագահին հարցրել եմ՝ ինքն ինձ հետ քննարկում է, թե՞ արդեն կայացրել է որոշումը, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշում: Եվ ես այս համատեքստում նաև չեմ կարծում, թե ես պետք է ասեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ: Միակ դիտարկումը, որը պետք է անեմ՝ այնուամենայնիվ Սահմանադրության հետ կապված Հանրապետության նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել, ես ասել եմ, որ իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ մի փոքր տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից կամ էականորեն է տարբերվում: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է Հանրապետության նախագահ, հետո ես ընտրվել եմ հանրապետության վարչապետ, այդ ժամանակվանից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս նախագահի լիազորությունների մասով: Նկատի ունեմ, որ այս ողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել: Հրաժարականների դրդապատճառների մասին այնտեղ կան որոշակի բացատրություններ, և ես ինքս էլ այդ բացատրություններն ընդամենն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում, որ մեկնաբանեմ»,- ասաց նա: Անդրադառնալով հետաքննական բացահայտմանը, որ իրականում Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել նախագահի պաշտոնն ստանձնելիս, Նիկոլ Փաշինյանն ասաց․«Ես չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ այդ հրապարակմանը: Ես դա քիչ հավանական եմ համարում, որ նա ՀՀ քաղաքացի եղած չլինի: Դրանք իմ քննարկելու մանրամասները չեն, եթե այդտեղ կա որևէ փաստ, որին Հայաստանի որևէ պետական մարմին պետք է արձագանքի, այդ մարմինները պետք է զբաղվեն դրանով»: Նախագահի թեկնածու մասին հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իր քաղաքակյան թիմում այդ թեմայով քննարկում նախկինում չեն ունեցել: «Հիմա հասկանալի է, որ այդ թեման պետք է լրջագույն քննարկենք և քննարկումների արդունքում որոշուամներ կայացնելիս պետք է նաև առաջնորդվենք վերջին 4 տարվա փորձով: Այո, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցությունն է, որ պետք է ընտրի Հանրապետության նախագահ: Ես կարող եմ իմ եզրակացություն ասել՝ կարծում եմ, մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ Հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն: Առավել ևս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ»,- հավելեց նա:

Lragir.am,
24-01-2022 20:33