Ստացել ենք այդպիսի մոդել․ Վարչապետը Բաքվին փոխանցված առաջարկների մասին

24-01-2022 20:44

Վաչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ առաջարկներ է հայկական կողմը փոխանցել Բաքվին: «Նախ մի այսպիսի նրբություն՝ մենք այս առաջարկը, այո, փոխանցել ենք ՌԴ մեր գործընկերներին, բայց Ադրբեջանին էլ ենք փոխանցել: Որոշակի թյուրիմացություն կա՝ առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետևյալի մասին են: Դուք գիտեք, որ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը տանել դեպի դեմարկացիա-դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման: Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ ոչ ի գաղտնիք չկա: Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին ես խոսել եմ դեռ մայիսին՝ հայելային հետքաշման առաջարկը»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ հայկական կողմի առաջարկը վերաբերում է սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելուն: Ըստ նրա՝ դեմարկացիա ու դելիմիտացիա հնարավոր չէ անել, եթե սահմանին կայուն իրավիճակ չունենք: «Ադրբեջանի կողմից կա հրապարակային արձագանք և կա հրապարակային պատասխան: Ադրբեջանն ըստ էության հենց այդ առաջարկությունների փաթեթին էր արձագանքել՝ ասելով, որ դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է տեղի ունենան առանց նախապայմանների: Ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքեց, որ Հայաստանը դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված որևէ նախապայման չունի: Խոսքը պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխանիզմների մասին է, ոչ թե նախապայմանների: Մենք չենք փորձել փաստաթուղթ ձևակերպել, որն արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետը, մենք փորձել ենք Սոչիում ու Բրյուսելում կայացած քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել և ձևակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ: Եվ իմ կարծիքով՝ մենք ստացել ենք այդպիսի մոդել, հիմա քննարկումները շարունակվում են, չենք ուզում դետալներ բացահայտելով՝ խաթարել ընթացքը: Մենք կարծում ենք, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հանձնաժողովն օր առաջ պետք է ձևավորվի», հավելեց նա:

Lragir.am,
24-01-2022 20:44