Վավերացված համաձայնագիր կա, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան

24-01-2022 21:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսում անդրադարձավ հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստ է ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ինչի մասին Ալիևն է հայտարարում: «Ես կուզեի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարությունները ընկալելիս մենք որոշ նրբություններ նկատենք, որը մեր իրականության մեջ չի նկատվում: Այդ հայտարարությունների մեջ պետք է տարբերակենք ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը: Վերջերս մի շատ կարևոր դիտարկում հնչեցրեց մի վերլուծաբան՝ ինքն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո: Օրինակ՝ երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, 1994 թվականից հետո տասնյակ տարիներ Հայաստանից ու Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Շատ հաճախ հնչում են հայտարարություններ Երևանի ադրբեջանական քաղաք լինելու մասին, այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է: Այսինքն՝ այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա, մենք պետք է սա հաշվի առնենք, դա օգտակար չէ քննարկումների համար»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, ըստ Փաշինյանի՝ պետք է արձանագրել մի բան, որ ՀՀ օրենսդրության մաս կազմող Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: «Եվ այդ համաձայնագիրը վավերացվել է 1992 թվականին: Նույնկերպ Ադրբեջանն էլ վավերացրել է նման համաձայնագիր: Հաջորդ թեման՝ գիտեք, որ երբ Մադրիդյան սկզբունքները բանակցության հիմք են ճանաչվել, սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք: Նկատի ունեմ, որ դե յուրե ՀՀ-ն ու Ադրբեջանը դեռևս 1992 թվականից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունցեող սահմանների ու տարածքների շրջանակում: Բայց դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չեն լուծվում: Այո, սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը շատ կարևոր է, և բոլորովին վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը կապ չունի Ղարաբաղի հարցի հետ, դրանք տարբեր գործընթացներ են: Խաղաղ դարաշրջան բացելու օրակարգը մեզ համար ռազմավարական օրակարգ է: Ես հասկանում եմ, որ դա միայն մեզնից չէ կախված, բայց որ մենք դրան հետևելու ենք սկզբունքորեն, դա ակնհայտ է»,- ասաց նա: Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին, նա ասաց, որ, այո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Բայց այդ փաստաթուղթը պետք է ձևակերպվի, բանակցություններ պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին: «Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, որի մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը, դրա ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել: Մենք էլ դա՝ որպես օրակարգ ունենք»,- հավելեց նա:

Lragir.am,
24-01-2022 21:07