Այսպիսի հարց էլ է հնչում՝ 2018 թվականին ինչո՞ւ ՀԱՊԿ-ը Հայաստանի հեղափոխությունը չճնշեց. Նիկոլ Փաշինյան

24-01-2022 22:17

Այսօր հրավիրած առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ վերաբերյալ հարցերին: Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի ներքաղաքական զարգացումների դեպքում էլ ՀԱՊԿ-ը միջամտի, ինչպես Ղազախստանի դեպքում եղավ, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում ունեցել ենք իշխանության կամ կառավարության համար անցանկալի զարգացումներ: Եվ մենք ի ցույց ենք դրել այդ իրավիճակները հաղթահարելու գործիքակազմը: Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո ՀՀ-ում կառավարության կողմից ոչ մի կրակոց չի հնչել, կառավարությունը ուժային ոչ մի գործողություն չի իրականացրել: Մենք արդեն ցույց ենք տվել ներքին խնդիրները լուծելու մեր գործիքակազմը: Այսպիսի հարց էլ է հնչում՝ 2018 թվականին ինչո՞ւ ՀԱՊԿ-ը Հայաստանի հեղափոխությունը չճնշեց, որովհետև 2018 թվականին բռնության որևէ դեպք չի եղել»: Ըստ Փաշինյանի՝ երբ որոշում է կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան, այնտեղ արդեն փողոցային մարտեր էին ընթանում, զոհեր կային: «Ինչ վերաբերում է բուն որոշմանը, առաջին օրից ՀԱՊԿ-ում իմ գործունեությունն ուղղված է եղել նրան, որ մենք պետք է ՀԱՊԿ-ում ճգնաժամային մեխանիզմները ի վերջո կատարելագործենք: Մենք ուզո՞ւմ ենք, որ ՀԱՊԿ-ը լինի, թե չենք ուզում: Իհարկե, Հայաստանին ձեռնտու է, որպեսզի ՀԱՊԿ-ը լինի, լինի արդյունավետ և իրականում գործող համակարգ: Եվ սրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են»,- հավելեց նա: Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը առաջին հերթին քաղաքական կազմակերպություն է, և իրադարձությունների վրա ազդելու առաջին միջոցը դիվանագիտական ճանապարհն է:

Lragir.am,
24-01-2022 22:17