Փաշինյանը հայտնեց, թե բանակցային գործընթացի թղթերից ինչ կարևոր դրույթ է դուրս եկել, որը Սերժ Սարգսյանը ցանկացել է վերականգնել

24-01-2022 22:34

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 1988 թվականի համամասնության պահպանության մասին դրույթը Արցախի բանակցային  գործընթացի թղթերից անհետացել է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է այն վերականգնելու համար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների վերաբերյալ: «Բանակցային գործընթացում մինչև 2018 թվականը և, ըստ էության, դրանից հետո էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք չի դիտարկվել միայն հայկական տարածք»,-ասաց վարչապետը: Նա հիշեցրեց՝ նախորդ ասուլիսում ասել է, որ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցություն ունենան ցանկացած ազգության ներկայացուցիչներ՝ այն համամասնություններով, ինչ համամասնություններով եղել են 1988 թվականին, ապա պարզաբանեց. «Դա նշանակում է, որ և Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է մասնակցեն ԼՂ ապագա ճակատագրի որոշմանը, և ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները»: Այնուհետև վարչապետը ուշադրություն հրավիրեց, իր բնորոշմամբ, մի տարօրինակ փաստի վրա: «Հետո այս հանգամանքը՝ Մադրիդյան սկզբունքների այս ազգային համամասնությունների մասին,  բանակցային գործընթացից, թղթերից անհետանում է: Եվ ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում այդ հարցը, այլ ՀՀ-ն՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմում է համանախագահներին, միջնորդներին, ասում, որ այդ դրույթը պետք է վերականգնել, անընդունելի է, որ այդ դրույթը չկա: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը. այն դրույթը, որը ենթադրում է ադրբեջանցիների մասնակցություն ԼՂ կարգավիճակի որոշմանը, Կազանից հետո բանակցային թղթերից դուրս է գալիս, չկա արձանագրված, և այդ դրույթը վերադարձնելու միջնորդություն անում է ոչ թե Ադրբեջանը, պրոբլեմի մասին ահազանգում է ոչ թե Ադրբեջանը, այլ ՀՀ-ն: Ինչո՞ւ: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ-ի ճակատագրի որոշմանը: Իհարկե՝ ոչ: Նա ուզում էր, որ վերադարձվի 1988 թվականի համամասնության պահպանության մասին դրույթը, որովհետև 1988 թվականին ԼՂ բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 70  և ավելի տոկոսը եղել է հայկական բնակչություն»,-ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ շատ կարևոր բուֆեր է կորսվել:  «Ես դրա համար եմ իմ նախորդ հարցազրույցում ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների մասնակցության հարցը, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է լինեին ԼՂ բնակիչ»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ ձևակերպումն ինքը ստացել է որպես ժառանգություն: Նրա խոսքով՝  այդ դրույթը «լղոզվել» է այլ տրամաբանության մեջ, Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ այդ դրույթը պետք է վերականգնել, քանի որ ցանկացել է համամասնության բուֆերը պահել: «Ոչ մեկ չգիտի՝ Լեռնային Ղարաբաղից դուրս եկած 40 հազար ադրբեջանցիներն օրինակ 2017 կամ 2018-ին ինչքա՞ն են: Եվ, եթե հաշվի առնենք, որ, երբ հանրաքվեի մասին խոսք է գնում, ֆիքսվում է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնեցված ժամկետներում, Ադրբեջանն ասում է, որ իր պատկերացմամբ առաջիկա 50, նույնիսկ 100 տարում հանրաքվե չի լինելու: Հայաստանն ասում է, որ համաձայն չէ այդ դիրքորոշման հետ, պնդում է, որ դա պետք  է լինի 5 տարի հետո, Ադրբեջանն էլ ասում է, որ դրա հետ համաձայն չէ, Հայաստանն էլ դրա հետ չի համաձայնում, Ադրբեջանն էլ ասում է՝ համաձայն չես՝ համաձայն չես, ուրեմն ոչ 5 տարի հետո կլինի, ոչ էլ 100 տարի հետո կլինի»,-ասաց Փաշինյանը՝ առաջարկելով այդ իրավիճակը միացնել իր ասած դրույթին:

Lragir.am,
24-01-2022 22:34