Հայաստանի «ապագան». Փաշինյանը դողացող ձեռքերը Մաթուսաղային է գցում

25-01-2022 00:31

Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» միակ հիմնավորումը վաղուց դարձել է Բաքվի փաստաբանությունը․ կասկած չկար, որ այսօրվա վիրտուալ ասուլիսում էլ նա հանդես էր գալու Մոսկվա-Բաքվի հակահայ արդեն ծանոթ դիրքերից: Սակայն Փաշինյանը հեռուն գնաց Փաշինյանի ասուլիսներին մենք հարցեր չենք ուղարկում, նկատի առնելով այդ հանգամանքը: Այս անգամ սակայն, նկատի առնելով նախորդ ասուլիսում նրա կողմից «ադրբեջանցի փախստականների» իրավունքների ճանաչումը եւ «հայ-թուրքական կարգավորման» մեկնարկը, նրան ուղղել էինք հետեւյալ հարցը․ «Ի՞նչ տեղ են զբաղեցնում Ադրբ․ԽՍՀ-ի հայ փախստականների ու Նախիջեւանի հարցերը Բաքվի եւ Անկարայի հետ Ձեր բանակցություններում»: Սպասվածի պես՝ հարցից վախեցած վարչապետը լռեց: Փոխարենը, նա պատասխանեց լրատվամիջոցներից մեկի՝ «հնարավո՞ր է Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագրով հաստատված սահմաններն ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը» հարցին, որը մասամբ հատվում էր նաեւ մեր հարցին: Փաշինյանը դրական է պատասխանել այս հարցին, իրեն բնորոշ ոճով․ «ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Եվ մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվել»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին էլ հայտարարել է, թե 1992-ին ՀՀ խորհրդարանն ինչ որ պայմանագիր վավերացնելով՝ ճանաչել է այն: Հավանաբար խոսքը մեռելածին ԱՊՀ-ին է վերաբերում: Հրեաները նման դեմագոգիային սովորաբար պատասխանում են. «դու մեկ էլ Մաթուսաղային հիշիր»: Եթե այդպես է, ինչո՞ւ են Բաքուն ու Անկարան ոտք ու ձեռք ընկած պահանջում ճանաչել իրենց տարածքային ամբողջականությունը: Ինչու էր ԹՀ արգործնախարար Դավութողլուն 2009-ին մուրում 1-2 շրջանի վերադարձ եւ Թուրքիայի սահմանների չվիճարկում: Շեշտենք՝ չվիճարկում, ոչ թե ճանաչում: Ադրբ.ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանների ճանաչումը իբրեւ պետական նշանակում է անմիջապես Նախիջեւանի, այնուհետեւ նաեւ Արցախի օտարման իրավական ճանաչում ՀՀ կողմից: Նշենք՝ կոպիտ խախտելով 1921 թվականի Մոսկվայի/Կարսի պայմանագրերի դրույթները, որորնք ըստ նույն Փաշինյանի «կասկածի տակ չեն առնվում»: Ակնհայտ է, որ պետական կառավարման համար անհրժեշտ ոչ գիտելիք, ոչ էլ «շրջապատ» ունեցող պարզունակ դեմագոգը կամ չի պատկերացնում իր քայլերի իրավական հետեւանքները, կամ պատկերացնելով՝ թաքցնում է դրանք «Մաթուսաղայի» մասին շաղակրատանքի տակ: Նախիջեւանը, Թուրքիայի եւ Հայաստանի համաձայնությամբ, Կարսի պայմանագրով հանձնվել է Բաքվի պրոտեկտորատին, որպես հայկական ինքնավարություն, առանց Բաքվի ինքնիշխան լիազորությունների: Պայմանագրի գործողության առավելագույն ժամկետը սպառվել է: Դա արդեն սահմանի փոփոխություն է, որքան էլ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ չդնի Թուրքիայի հետ սահմանը: Բայց փոփոխություն ի վնաս Հայաստանի: Նույնը վերաբերում է նաեւ Արցախին: Ռուս-թուրքական պայմանագրերի չհրապարակված արձանագրությունների մասը կազմելով, այն հիմա ձեռք է բերելու միջպետական պայմանավորվածության կուսական մաքրության իրավական հանգամանք: Սրբել-մաքրել եւ ընդլայնել 1921-ի արյունոտ ոճիրը: Ահա, ընդհանրապես ասած, Մոսկվա-Անկարա համաձայնության մեխը, որը հետապնդվում էր 2020-ի ընդդեմ Հայաստանի պատերազմով եւ որը թուրքական մականունը շալակած վարչապետը ջանում է ջարդել հայ ժողովրդի վրա: Գնալով ավելի բարդ դարձող խնդիրների մեջ խճճված, տգետ, անպատասխանատու եւ սահմանափակ «դուխով փրկիչը» օր առաջ պիտի հեռանա, իսկ հանրության ջանքերը պետք է կենտրոնանան հենց այդ խնդրի վրա: Փաշինյանի առաջադրած թուրքական «ապագան» եւ դրա դեմագոգիկ սպասարկումը հրամայական են դարձնում դիմադրության ճակատի հնարավորինս ընդլայնումը «անմեղսունակի խնդրի» շուրջ:

Lragir.am,
25-01-2022 00:31