«Անհնար ա, անհնար, հայոց հոգին ընկճել․․․»․ Ռաբիսի ու անմեղսունակության շքահանդես հայոց բանակի տարեդարձին

28-01-2022 11:59

Առավոտից բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի կապակցությամբ իշխանավորների, ընդդիմադիրների, նախկինների ու ներկաների ուղերձները ռաբիսի, անհամարժեքության ու անմեղսունակության հերթական դրսեւորումն են, դատարկության շքահանդես: Եվ անսահման երեսպաշտության: Այլապես, 30 տարի այսպես կոչված քաղաքական դասը կամրացներ հաղթանակով կազմավորված բանակի թիկունքը հայկական իրավունքների հայեցակարգերով ու միջազգային դերակատարության հայտով: Այլապես, 2020-ի պատերազմին 5 հազար զոհ տված, ներսից ու դրսից քայքայիչ քարոզչության ու գործողությունների մամլիչի տակ նույնիսկ թշնամու ողնաշարը ջարդած եւ Հայաստանի քաղաքական իրավունքների ու պահանջների դուռը բաց պահած բանակի, զինվորի սխրանքը կվերածվեր ոչ թե պարտության ողբի ու թշնամական եռյակի «եռակողմ» ծրագրերին հավատարմության երդումների, այլ քաղաքական հստակ պահանջների ու իրավունքների առաջադրման ամուր կռվանի: Այս ֆոնին, ուղերձները մեղմ ասած երեսպաշտություն են, իսկ «բանակն արդիականանալու է, շտկելու է մեջքը եւ իր խոսքն ասելու է», «հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի» տիպի ֆրազները քաղաքական խեղկատակների կատարմամբ նման են ծաղրի: Կամքն ու հոգին, բանակի սխրանքի արժեւորումը կարող էր դրսեւորվել, օրինակ, խորհրդարանում Արցախի ճանաչման եւ վերամիավորման, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի խնդիրների քննարկումներով եւ ոչ թե 2020-ի նոյեմբերի 9-ը պատմության սկիզբ ընդունելով:

Lragir.am,
28-01-2022 11:59