Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումների մասին

28-01-2022 13:29

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհակալ է բոլոր այն մարդկանցից, ովքեր պարբերաբար տեսնում են իրեն տարբեր բարձր պաշտոններում, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, սակայն քանի դեռ Արմեն Սարգսյանի հրաժարականը ընդունված չէ,  Մարուքյանն անլուրջ է համարում Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածության հարցը քննարկելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա ասել է Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ այցելել էր Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հերոսների հիշատակին: «Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականը ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, այսօր ուղերձով է հանդես եկել Բանակի օրվա առիթով, հետևաբար անլուրջ է ընդհանրապես նման հարց քննարկելը: Մյուս կողմից նաև շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում», – նշել է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը: Մարուքյանի խոսքով՝ այդպիսի առաջարկ իրեն չի եղել և չէր էլ կարող լինել: Նա վստահ է, որ իշխանությունները այս պահի դրությամբ դեռ չեն էլ քննարկել այդ հարցը: «Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել, որ պատկերացնեմ կամ չպատկերացնեմ: Դա սխալ քննարկում է», – հավելել է Էդմոն Մարուքյանը:

Lragir.am,
28-01-2022 13:29