Վլադիմիր Պուտինի հեղինակած զինադադարը փրկել է առաջին հերթին Ադրբեջանին ու ադրբեջանական բանակը. Վահե Գասպարյան

28-01-2022 13:44

Ազգային ժողովորդավարական բևեռը նշում է Հայոց բանակի վերստեղծման 30-ամյակը: ԱԺԲ անդամ Վահե Գասպարյանն իր ելույթում ասաց, որ բանակը չի պարտվել 44-օրյա պատերազմում, պարտվել է գերագույն գլխավոր հրամանատարը: «Տղաների անձնազոհության շնորհիվ է, որ այդ պատերազմը տևեց 44 օր: Ցանկացած այլ բանակի դեպքում նման պայմաններում պատերազմը կտևեր 10 օր: Տղաները դիմադրեցին 44 օր և ոչ միայն խափանեցին թուրք-ռուսական դաշինքի բլիցկրիգի պլանները, այլև կոտրեցին ադրբեջանական բանակի ողնաշարը՝ պատճառելով նրանց զանգվածային կորուստ, ընդհուպ մինչև 25 հազար զոհ: Իլհամ Ալիևն իր կեղտոտ բերանով ընդունեց այդ փաստը և ասաց, որ եթե պատերազմը մի քիչ էլ երկար տևեր, ադրբեջանցիները չէին կարողանալու գրավել Քաշաթաղն ու Քարվաճառը, Սանասարն ու Կովսականը: Վլադիմիր Պուտինի հեղինակած զինադադարը փրկել է առաջին հերթին Ադրբեջանին ու ադրբեջանական բանակը: Սա է իրականությունը, որը շատ մոտ ապագայում հասու է դառնալու միջազգային հանրությանն ու ամբողջ աշխարհին: Հայոց բանակի փառահեղ նոր հաղթանակները դեռ առջևում են»,- հայտարարեց Վահե Գասպարյանը:

Lragir.am,
28-01-2022 13:44