Պուտինը նոր անսպասելի հարված ստացավ

28-01-2022 14:34

Մինչ ՌԴ-ն փորձում է Արեւմուտքից անվտանգության երաշխիքներ եւ իր ավանդական ազդեցության գոտու ճանաչում կորզել, Պուտինն անսպասելի նոր հարված ստացավ այդ ավանդական գոտուց՝ Ղրղըզստանի եւ Տաջիկստանի միջեւ ռազմական բախումներ տեղի ունեցան: Ղազախստանի իրադարձություններից հետո, երբ Մոսկվան զորքը հանեց Չինաստանի ու Թուրքիայի պահանջով, տաջիկ-ղրղըզական բախումներն անկասկած լուրջ խնդիրներ են ստեղծում Կրեմլի համար՝ Արեւմուտքի հետ բանակցություններում փաստարկների առումով: Կրեմլում անհանգստացած են հակամարտության ծավալման հեռանկարով: Մյուս կողմից, խնդիրներ են առաջանում իրավիճակի վրա ազդելու հարցում: ՀԱՊԿ-ը չի կարող «խաղաղարարություն» անել այս հարցում, արդեն հայտարարել են ռուս պաշտոնյաները: Բանն այն է, որ ՀԱՊԿ-ի իրական գործառույթը Մոսկվայի համար անդամ երկրների ներքին իրավիճակներին միջամտությունն է «անցանկալի զարգացումների» դեպքում: Բացի այդ, Մոսկվայում Ղազախստանից հետո մտավախություն ունեն նման գործողությունը կրկնելու դեպքում հնարավոր հետեւանքների հարցում: Մոսկվայի համար իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ վերջին շրջանում լուրջ խնդիրներ են առաջացել Պուտինի եւ Տաջիկստանի նախագահ Ռահմոնի միջեւ, ինչը բարդացնում է «չեզոք միջնորդի» դերում միջամտությունը: Բարվոք չեն հարաբերությունները նաեւ Ղրղըզստանի հետ, որը բավական վերապահումներով միացավ ՀԱՊԿ գործողությանը Ղազախստանում:

Lragir.am,
28-01-2022 14:34