ՔՊ-ական խմբակը մաքրում է 1921-ի ոճիրը․ Ահա թե ինչն են փոխելու Սահմանադրության մեջ

28-01-2022 19:57

Կարեւոր է, որ հայ-թուրքական կարգավորման բանակցությունները սկսել են առանց նախապայմանների, ասել է Սահմանադրական բարեփոխումների նորանշանակ խորհրդի անդամներից մեկը: «Առանց նախապայմանների» մանթրան Հայաստանին պարտադրվող ծրագրերի թշնամական քարոզչական ծուղակներից է, ինչպես «հայ-ադրբեջանական սահման», «խորհրդային քարտեզներով սահմանազատում», «ՀՀ սուվերեն տարածք» (նկատի ունենալով ներկայիս շփման գիծը) եւ այլն: Քարոզչական այս հնարքները հայ հանրությանն ապակողմնորոշելու նպատակ ունեն   Հատուկ բանագնացների առաջին հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նույնպես նշեց, որ բանակցություններն առանց նախապայմանների են ընթանում, այդպիսով աջակցելով ՔՊ-ական խմբակին: Թուրքական նախապայմանները հայտնի են, եւ դրանք կապված են ոչ միայն Թուրքիայի, այլեւ Բաքվի պահանջներին: Անկարան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու են Բաքվի շահերը եւ պահանջները հաշվի առնելով: Թուրքիայի ու Բաքվի պահանջները հանգում են Հայաստանի կողմից դրանց ճանաչմանը եւ հայկական պահանջներից հրաժարվելուն: ՔՊ-ական խմբակը ճանաչել է պատերազմի արդյունքները, Արցախի պատկանելությունը Բաքվին եւ Հայաստանի տարածքի էքստերիտորիալության պահանջը: Հայ-թուրքական «առանց նախապայմանների կարգավորման» իմաստը Թուրքիայի պահանջների ու սահմանների ճանաչումն է՝ Մոսկվա/Կարս/Լոզան 1921-1923 թվականների պայմանագրային հենքի անվերապահ իրավական ճանաչմամբ: 2020-ի ռուս-թուրքական արշավը Հայաստանի դեմ պայմանավորված էր այդ պայմանագրերի գործողության ժամկետի սպառման հանգամանքով: Փաշինյանը եւ ՔՊ-ական խմբակը ոչ միայն ճանաչում են Պուտին-Լավրովի պլանի իրավազորությունը եւ պատերազմի արդյունքները, այլեւ դրա «հիմքերը»՝ մաքրելով ու ընդլայնելով 1921-1923-ի արյունոտ ոճիրը: Ոճիրն օրինականացնելու հաջորդ քայլը ՀՀ հիմնարար փաստաթղթերը վերանայելն է, այդ թվում Սահմանադրությունը: Փաշինյանն արդեն հայտարարել է, որ դա չի նշանակում սահմանադրական փոփոխություն, ինքը դեմ է կառավարման խորհրդարանական կարգը փոխելուն, եւ որ խնդիրը Սահմանադրությունը «ռեւիզիայի» ենթարկելն է, ըստ որի պետք է պարզեն՝ որ դրույթներն են գործել, որոնք՝ ոչ: Անկարայի խոսնակը՝ Ալիեւը, արդեն մի քանի անգամ խորհուրդ է տվել փոխել Սահմանադրությունը եւ համապատասխանեցնել «ստեղծված իրողություններին»: Այսինքն, պահանջատիրության, հայկական իրավունքների ցանկացած ակնարկ պետք է բացառվի: Այս ֆոնին պարզ է դառնում «առանց նախապայմանների կարգավորման» իմաստը: Դա հայկական կողմի որեւէ իրավունքների ու պահանջների բացառման նախապայմանի ընդունումն է: Թուրքիան ու Բաքուն եւ այս ծրագրերի հովանավոր ու առաջնորդող Մոսկվան հասկանում են, թե որքան հաստ է հայկական իրավունքների ու պահանջների թաղթապանակն ու ըստ այդ որքան խորը՝ իրենց գործած ոճիրը, ու ամեն գնով ձգտում են դրանց չեզոքացմանը: «Պիտի հարաբերությունները կարգավորենք, որ սահմաններին չկրակեն ու չսպանեն»՝ թշնամական ծրագրերի հայ սպասարկուները այսպես են շարունակում ռուս-թուրքական սպառնալիքներն ու շանտաժը հայ ժողովրդին: Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումն» այս ծիրում տանելու է հայկական պետության եւ իր պատմական բնօրրանում հայերի վերացման: Հետեւանքների մասին՝ այստեղ

Lragir.am,
28-01-2022 19:57