Հայ ժողովուրդն է հայկական բնօրրանի ժառանգորդն ու տերը

28-01-2022 21:47

Հայկական հարցը դեռևս լուծված չէ, հայ ժողովուրդը դեռևս չի իրականացրել հայրենիքում համախմբվելու և իր բնօրրանում ապրելու իր բնական իրավունքը: Հայ ժողովուրդն է իր հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի ժառանգորդը, նա է իր պատմական հայրենիքի ու նրա վրա իր կողմից ստեղծած բոլոր նյութական ու հոգևոր արժեքների միակ տերը: Աստծո ու բնության կողմից հայ ժողովրդին տրված հայրենիքը հավերժ է, այն հազարամյակներով կերտվել է հայերի մտքով ու ձեռքով և վեր է քաղաքական հանգամանքների փոփոխություններից, կախված չէ որևէ պատերազմի կամ ճակատամարտի արդյունքից, անսակարկելի է և աշխարհում որևէ ուժի իրավունք չի տրված մտածածին նոր քարտեզներով վերաձևելու Հայաստան աշխարհի սահմանները: Ինչպես որևէ հայ նախագահի, վարչապետի, որևէ հայկական իշխանության, այնպես էլ որևէ ռուսի, թուրքի կամ այլ ազգի իրավունքը չէ որոշելու հայոց հայրենիքի բնական սահմանների անգամ մեկ սանտիմետրի ճակատագիրը: Հայոց հայրենիքի, նրա սահմանների, հայ ժողովրդի բնակության վայրերի, ազգային անվտանգության ու հայոց պետության հետագա ընթացքի հարցերը կարող են որոշվել միմիայն հայ ժողովրդի մեծամասնության կողմից գրավոր տրված համաձայնությամբ՝ համազգային հանրաքվեի արդյունքում: Առանց Մայր Հայաստանի և Սփյուռքի հայերի մեծամասնության որոշման, վերոհիշյալ հարցերի լուծման որևէ այլ ձևաչափ անօրեն է ու զուրկ է իրավական ուժից: Որևէ հայ պաշտոնյա լիազորված չէ առանց համազգային հանրաքվեի վավերացված արդյունքի, ստորագրել այս հարցերն արծարծող որևէ փաստաթղթ: Կարող են անցնել հարյուրավոր կամ հազարավոր տարիներ, կարող են լինել հայկական օրվա կառավարություններին բռնությամբ պարտադրված պայմանագրեր, ինչպիսիք են 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության բռնի բոլշևիզացման փաստաթուղթը, 1921թ․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված կապիտուլացիան և այլ անօրեն փաստաթղթեր, միևնույնն է, Հայաստանի՝ հայերի պատմական բնօրրանի ժառանգորդն ու տերը մնալու է ինքը՝ հայ ժողովուրդը: Բռնությամբ պարտադրված այդպիսի ցանկացած պայմանագիր, լինեն վերոհիշյալները, թե նոր ծրագրվողները, հայ ժողովրդի մեծամասնության կողմից երբեք չեն ընդունվի, միշտ կմերժվեն ու կճանաչվեն անվավեր: Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն – 1860 Նախագահ՝  Ազատ Օրդուխանյան Գերմանիա, Բոխում, 28․01․2022թ․

Lragir.am,
28-01-2022 21:47