Փաշինյանը զեկուցում է Պուտինին, Ալիևին և Էրդողանին, որ հրաժարվում ենք մեր բոլոր իրավունքներից, սրբություններից, հողից, տարածքից, ապագայից՝ իշխանության դիմաց

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովորդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Պարոն Ավետիսյան, շատ է խոսվում բանակում բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ի՞նչ պետք է անել այս ուղղությամբ: Բանակը պետության մի մասն է, եթե մենք պետություն չունենք, բանակն ինչպե՞ս կարող ենք բարեփոխել: Նախ պետք է պետությունը ստեղծվի, հետո այդ պետությունն ստեղծելու համատեքստում բանակ ստեղծվի: Այն բանակը, որը կար, սովետական մնացորդ էր, որը ջնջխվել է: Բայց մի բան է, երբ խոսում ենք բանակի մասին՝ որպես պաշտպանական համակարգ, մեկ այլ հարց է, երբ խոսում ենք հայկական զորքի մասին: Որպես հայկական զորք՝ մեր զորքն իրեն միշտ փայլուն է դրսևորել, թեկուզ ամեն կերպ իրեն խանգարել են, վնասել են, թիկունքից հարվածել ու դավաճանել են: Բայց անգամ այդ պայմաններում մեր զորքն իրեն հերոսաբար է պահել և իր առջև դրված խնդիրները կատարել է: Այլ հարց է, որ համակարգը դավաճանել ու պարտության է տարել զորքին: Հիմա պետք է պետություն ձևավորելու ընթացքում նաև բանակը ձևավորվի՝ արդեն ազգային բանակ, ոչ թե սովետառուսական մնացորդ: Իշխանությունները խոսում են ռուսական բանակի հետ համագործակցությամբ բարեփոխումներ իրականացնելու մասին: Սա ինչպե՞ս եք գնահատում: Մենք ընդհանրապես պետականության վերացման ընթացքի մեջ ենք, և եթե այսպես շարունակվի, Հայաստանը Ռուսաստանի մարզ դարձնելու հեռանկար կա՝ ըստ Կրեմլի պլանի ու իր այստեղի ստորուկների, նաև ի դեմս օրվա կառավարիչների: Դրանից հետո արդեն մենք սահուն ձևով անցնելու ենք Թուրքիայի ազդեցության տակ: Սա է նախատեսված Հայաստանի համար, այնպես որ, իրենց ասածները ինչո՞ւ պետք է հիմք ընդունենք և դրա հիման վրա փորձենք ապագա կառուցել: Մարդիկ գործակալներ են, վերացնում են Հայաստանը թշնամիների ցուցումով: Նախ պետք է իրենցից ձերբազատվենք: Երբ ասում ենք՝ պետք է պետություն ստեղծենք, նախ պետք է թշնամիների, դավաճաների ձեռքից պետության լծակները վերցնել, ժողովրդին տալ, դրանից հետո միայն անցնել իրական ազգային հզոր պետություն ստեղծելու գործին, որի մեջ է նաև բանակը: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ մեր բանակը տարածքներ նվաճելու նպատակ չունի: Ինչո՞ւ են արվում նմանօրինակ հայտարարություններ: Նա ընդամենը զեկուցում է Պուտինին, Ալիևին և Էրդողանին, որ մենք հրաժարվում ենք մեր բոլոր իրավունքներից, սրբություններից, հողից, տարածքից, ապագայից, ամեն ինչից հրաժարվում ենք՝ իշխանության դիմաց: Երկրորդ, դրա մեջ հեռահար թաքուն նպատակ կա՝ փաստացի վերացնել հայկական բանակը: Այսինքն՝ այնպես անել, որ հայկական բանակն ըստ էության չլինի: Եվ հիմա ռուսների հետ միասին դրանով են զբաղված: Սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ հայկական կողմը առաջարկություններ է ուղարկել Բաքվին, որով առաջարկվում է զորքերը հայելային հետ քաշել, ըստ իրենց, ԽՍՀՄ սահմաններ, որից հետո պետք է տեղի ունենա գործընթացը: Այն դեպքում, երբ ադրբեջանցիներն են ներխուժել ՀՀ տարածք, ինչո՞ւ պետք է հայելային հետքաշում լինի: Հայաստանի տարածքի հարցը պետք է ճշտվի, այսինքն՝ ի՞նչ ասել է Հայաստանի տարածք: Հայաստանի տարածքը Սովետական Հայաստանի տարածքը չէ, դա ՀՀ տարածքն է, որի սահմանը որոշվել է 1920 թվականի Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի զեկույց-առաջարկով: Եվ այդ սահմանից ներս են գտնվում թե Արցախը, թե Գարդմանքը: Այնպես որ, եթե մենք սահմանազատում պետք է անենք, ապա այդ գծով պետք է սահմանազատում անենք, ոչ թե ԽՍՀՄ քարտեզներով: Սովետական Հայաստանի այդ կարսապայմանագրային մտածողությունը և դրան որպես պոչ ԼՂԻՄ-ականությունը հայկական պետականության վերացման իրավաքաղաքական մոտեցում է: Այդ մոտեցումով ենք շարժվում, դրա համար էլ այս օրն ընկանք: Եթե այսպես շարունակվի, կրկնում եմ, չենք լինելու: Սա պետական ինքնասպանության, ազգային ինքնասպանության հայեցակարգ է: Մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, վռնդի դավաճանական ռեժիմին և ստեղծի անցումային ազգային կառավարություն, որն արդեն անցումային ծրագրով պետք է երկիրն այս վիճակից հանի՝ թե անցումային արդարադատություն ապահովելով, թե արտաքին ռազմավարությունը վերավեկտորավորելով  Ռուսաստանից դեպի Արևմուտք, թե տնտեսության և կյանքի մյուս ոլորտներում հակաճգնաժամային քայլեր կատարելով, թե նոր Սահմանադրություն ընդունելով: Եվ վերջում, իհարկե, պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
28-01-2022 22:37