Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

28-01-2022 23:52

«Դվին Մյուզիք հոլում» տեղի ունեցավ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը. հնչեց իտալական և արգենտինական երաժշտություն: Երաժիշտները կատարեցին Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը:  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն ընկերներից է, Հայաստանում շատ սպասված երաժիշտ՝ փայլուն կատարողական վարպետությամբ: Նա կարողանում է մեծ լիցքեր, էմոցիաներ հաղորդել նվագախմբին, ունկնդիրներին: «Պիետրոդարկին ամեն անգամ Հայաստանում ներկայանում է նոր ծրագրերով: Նա բանդոնեոնի մեծ վարպետ է, և որպես երաժիշտ կարող եմ ասել, որ նրա փոխանցած էմոցիոնալ ու հարուստ գունային երանգները մեծ հաճույք են պարգևում»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:   Երեկոյի ընթացքում հնչած որոշ ստեղծագործությունների փոխադրումներ, որոնք ի սկզբանե գրված չէին նվագախմբի համար, կատարել է կոմպոզիտոր, Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ծրագրերի համակարգող Վահագն Վարդանյանը: Նա ընդգծեց, որ արդեն 4 տարի համագործակցում է Պիետրոդարկիի հետ, և իր փոխադրություններով երաժիշտը հանդես է եկել տարբեր երկրներում:  Աշխարհի 59 երկրում ելույթներ ունեցած Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին նշեց, որ  իր համար միշտ էլ առանձնակի հաճելի է Հայաստանում գտնվելը, և ամեն անգամ փորձում է նոր ծրագիր ներկայացնել հայ երաժշտասերներին. «Այս անգամ ես հանդես եմ գալիս «La Nuova Dolce Vita» խորագրով համերգով, որը մի գեղեցիկ ճամփորդություն է Իտալիայից Բուենոս Այրես»: Նա նաև ընդգծեց, որ իր համար մեծ հաճույք է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունը:  Երեկոյի ընթացքում Պիետրոդարկին և նվագախումբը Աստոր Պիացոլլայի «Ավե Մարիա» ստեղծագործության կատարումը նվիրեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:  Նշենք նաև, որ համերգի ընթացքում ազդարարվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Evocabank-ն նոր նախաձեռնության՝ ավանդ Symphonic-ի մասին, որի նպատակն է նպաստել մեր երկրում դասական երաժշտության զարգացմանն ու Սիմֆոնիկ նվագախմբի առաջընթացին: 

Lragir.am,
28-01-2022 23:52