2022թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է շահութահարկի շուրջ 32.9 մլրդ դրամ աճ 

06-05-2022 10:36

Շահութահարկի աճը պայմանավորված է համախառն եկամտի աճով և կանխավճարների մեխանիզմի փոփոխությամբ 2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  ապահովել է շուրջ 632  միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2 տոկոսով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Իսկ ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը:  Հատկանշական է, որ հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի և բնօգտագործման վճարների, մասնավորապես ռոյալթիի մասով, թերևս, պայմանավորված հանգամանքով, որ ապրիլը շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման վերջնաժամկետն է: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատությամբ  շահութահարկի աճը 2022թ. ապրիլին կազմել է շուրջ 32.9 մլրդ դրամ (2022թ. ապրիլին հավաքագրվել է 98.4 մլրդ դրամ), իսկ բնօգտագործման վճարների գծով՝ 9.8 մլրդ դրամ (2022թ. ապրիլին հավաքագրվել է 18.6 մլրդ դրամ), որից 9.4 մլրդ դրամը՝ ռոյալթիի մասով (2022թ. ապրիլին հավաքագրվել է 17.2 մլրդ դրամ): Շահութահարկի գերակատարումն առաջին հերթին պայմանավորված է համախառն եկամտի աճով: 2021թ. արդյունքներով շահութահարկի հաշվարկներով ցույց տրված համախառն եկամուտը կազմել է շուրջ 11.6 տրլն դրամ, որը գերազանցում է 2020թ. նույն ցուցանիշը (կազմել է 8.3 տրլն. դրամ)` 39.8 %-ով: Իսկ համախառն եկամտի աճի ցուցանիշում իր հերթին մեծ դերակատարում է ունեցել գործարքների և փաստաթղթավորման աճը, ինչը տնտեսական ակտիվության և հարկային վարչարարության բարելավման արդյունք է: Այդ մասին է վկայում նաև ՀԴՄ կտրոնների և այլ հաշվարկային փաստաթղթերի քանակի և դրանցով արտացոլվող շրջանառության շարունակական աճը: Մասնավորապես՝ 2021թ. ընթացքում գործարքների (հաշվարկային փաստաթղթերի) քանակը կազմել է շուրջ 558 մլն. հատ և դրանցով արձանագրված գումարը՝ 8.2 տրլն դրամ, որը գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը՝ քանակով՝ 102 մլն հատով (22.4%), իսկ գումարով՝ 1.7 տրլն դրամով (26.8%)/ Շահութահարկի աճի դինամիկայում Էական դեր է ունեցել նաև 2020 թվականից կանխավճարների հաշվարկման մեխանիզմի փոփոխությունը: Այսպես, եթե 2019թ. շահութահարկի կանխավճարների գումարը կազմել է շուրջ 103.6 մլրդ դրամ, ապա 2020-2021թթ. արդեն կազմել է համապատասխանաբար՝ 64.5 մլրդ դրամ և 67.7 մլրդ դրամ:  Շահութահարկի հաշվարկներով արտացոլված վճարման ենթակա հարկի գումարի աճը հիմնականում արձանագրվել է մետաղական հանքարդյունաբերության (աճը՝ շուրջ 13.2 մլրդ դրամ), մեծածախ առևտրի (աճը՝ շուրջ 5.0 մլրդ դրամ), օդային տրանսպորտի օժանդակության (աճը ՝շուրջ 3.5 մլրդ. դրամ) և մանրածախ առևտրի ոլորտներում (աճը շուրջ 3.2 մլրդ. դրամ):  Ապրիլին դրական ցուցանիշ ապահոված մյուս ուղղությունը՝ ռոյալթիի աճը՝ 9.4 միլիարդ դրամի չափով, հիմնականում պայմանավորված է մետաղական հանածոների միջազգային գների բարձրացմամբ: Մասնավորապես՝ ռոյալթիի բազան աճել է պղնձի և մոլիբդենի միջազգային գնաճի հաշվին:  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
06-05-2022 10:36