Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանում փող բաժանելու գործով․ ՔԿ

12-05-2022 22:58

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին  լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Չալաբյանը: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՔԿ-ից:

Lragir.am,
12-05-2022 22:58