Էրդողանն օգնության շտապեց Պուտինին

13-05-2022 19:32

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան դրական չի համարում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: Նա մտացածին պատճառ է բերել, թե իբր սկանդինավյան երկրները «հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»: Նա նկատի ունի Քրդական բանվորական կուսակցությունը, «որի անդամներն ապրում են այնտեղ եւ նույնիսկ ընտրվում խորհրդարանում»: ՔԲԿ-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, միեւնույն ժամանակ, քրդերը Թուրքիայից զանգվածաբար արտագաղթում են էթնիկ հալածանքների, սոցիալական խնդիրների եւ այլ պատճառներով, եւ նրանք միայն ՔԲԿ անդամներ չեն: Հասկանալի է, որ խնդիրը քրդեփրը չեն, Թուրքիան հարմար թեմա է բռնել Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ առեւտրում: ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ Թուրքիայի դիրքորոշումը կարող է վճռական լինել: Ռուսաստանն իր հերթին ցավոտ է ընդունել Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցումը, սպառնալով համարժեք գործողություններով: Ռազմական անհաջողությունների ֆոնին Կրեմլը ներկայում փորձում է մոբիլիզացնել իր լոբբինգը եւ ագենտուրան Արեւմուտքում՝ ի դեմս ընդհուպ առաջին դեմքերի, լրատվամիջոցների, իսկ Թուրքիան կա ու կա նման դեպքերում եւ արդեն «հայտ» է ներկայացրել: Պուտինի ու իր եղբայր Էրդողանի նոր ակտը կարող է վերաբերել խնդիրների լայն շրջանակի եւ աշխարհագրության, այդ թվում Հայաստանը:

Lragir.am,
13-05-2022 19:32