Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Ռուսաստանի և Հայաստանի դեսպաններին

13-05-2022 21:42

Մեծի Տանն Կիլիկիո Արամ ա կաթողիկոսը մայիսի 13-ին առանձին հանդիպումների ընթացքում ընդունել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուդակովին և Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: «Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման ընթացքին տեղի ունեցած քննարկումներուն առանցքը բնականաբար դարձան Ուքրանիոյ պատերազմը եւ Հայաստանը: Յիշեալ հարցերուն գծով Նորին Ս. Օծութիւնը ներկայացուց իր պատկերացումները ու մտահոգութիւնները: Դեսպան Ռուտաքով, իր կարգին, պարզեց Ուքրանիոյ հարցին գծով Ռուսիոյ կեցուածքը եւ Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ փոխադարձ հասկացողութեամբ լուծումներ որոնելու Ռուսիոյ ճիգը: Հանդիպման աւարտին, Վեհափառ Հայրապետին ներկայութեան, կարճ հանդիպում մը տեղի ունեցաւ դեսպանին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի ու հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիի միջեւ: Անոնք արծարծեցին յատկապէս Լիբանանի այժմու կացութեան եւ յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւններուն առնչուած հարցեր: Յայտնենք, որ յետ միջօրէին, Հայրապետին նաեւ այցելեց Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան: Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր անդրադարձ կատարելու Հայաստանը յուզող հիմնահարցերուն», ասվում է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
13-05-2022 21:42