Բեկում Ուկրաինայում․ երբ եւ ինչպես կավարտվի պատերազմը

13-05-2022 21:39

Sky News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմում բեկում կլինի օգոստոսին և կավարտվի մինչև տարեվերջ: «Բեկումնային պահը կլինի օգոստոսի երկրորդ կեսին, մինչև այս տարվա վերջ կավարտվի ակտիվ ռազմական գործողությունների մեծ մասը, արդյունքում մենք կվերականգնենք ուկրաինական իշխանությունը մեր բոլոր կորցրած տարածքներում, այդ թվում՝ Դոնբասում եւ Ղրիմում»,- ասել է հետախուզության ղեկավարը: Ուկրաինայի հետախուզության ղեկավարն ասել է, որ զարմացած չէ պատերազմում Ռուսաստանի անհաջողություններից: «Մենք ամեն ինչ գիտենք մեր թշնամու մասին, մենք գիտենք նրանց ծրագրերի մասին գրեթե այն պահից, երբ դրանք կառուցվում են»,- ասաց նա: Բուդանովը նաև ասել է, որ Եվրոպան Ռուսաստանին տեսնում է որպես մեծ սպառնալիք և վախենում է Մոսկվայի ագրեսիայից: «Մենք ութ տարի պատերազմում ենք Ռուսաստանի հետ և կարող ենք ասել, որ այս լայնորեն գովազդվող ռուսական հզորությունը առասպել է: Այն այնքան էլ ուժեղ չէ: Դա զենքով մարդկանց ոհմակ է»:

Lragir.am,
13-05-2022 21:39