Կռվողն էլ մենք ենք, մենք պատրաստ ենք կռվելու, մեզ զենք է պետք, վերջ

Lragir.am-ի զրուցակիցն է Սյունիքի մարզի Արավուս համայնքի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը Պարոն Հովսեփյան, Բաքվի զորքերը շարունակում են մնալ Սյունիքի մարզում, ի՞նչ իրավիճակ է: Մեր գյուղը փոքր գյուղ է, և ես ասում եմ՝ Արավուսից 64 հեկտար հողը վերցրել են, մեր կառավարությունն ասում է՝ ստում ես: Քարտեզով ապացուցված է, որ Արավուսի 64 հեկտար հողը ադրբեջանցիները վերցրել են, դա հլա միայն մեր գյուղի մասին է խոսքը: 2020 թվականի դեկտեմբերին, երբ իրենք եկել են, ես իմ ջոկատով մեր սահմանին կանգնած էի, թուրքի 1700 զինվորի դեմը ես իմ 11 հոգանոց ջոկատով կանգնած եմ եղել: Մենք իրենց դեմն առել ենք: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում մենք պետք է մեր բանակն ուժեղացնենք, լավ հզոր առաջնորդ պետք է ունենանք, որ գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ մեր հողերն ազատագրենք, եթե ուզում եք իմանաք՝ մինչև Կուր: Թշնամին մտել է մեր տարածքներ, մենք ի՞նչ պետք է անենք, պետք է հզորանանք, եթե իմ գրպանում 1000 դրամ կա, ձեր գրպանում 5000 դրամ կա, դա դնենք, օլիգարխների ունեցվածքն էլ դնենք, զենք-զինամթերք առնենք, մեր հողերն ազատագրենք: Կռվողն էլ մենք ենք, մենք պատրաստ ենք կռվելու, մեզ զենք է պետք, վերջ: Ուրի՞շ ինչ խնդիր կա այստեղ, մենք ի՞նչ ենք ուզում, պաշտո՞ն ենք ուզում, հա՞ց ենք ուզում, կռվող տղաներն այսօր ուրիշ ոչ մի բան չեն ուզում: Դուք խոսում եք հողերն ազատագրելու մասին, բայց կառավարության անդամները ասում են, որ պետք է խաղաղության դարաշրջան բացել: Ո՞ւմ հետ խաղաղության դարաշրջան բացենք, Թուրքիայի՞ հետ: Ադրբեջանը շատ փոքր է, Թուրքիայի ձեռքի խաղալիքն է: Խաղաղության պայմանագիր կնքենք այն Թուրքիայի հետ, որը դարեր շարունակ մեզ ցեղասպանությա՞ն է ենթարկել: Այո, թող մեր Արևմտյան Հայաստանի հողերը հետ տան, խաղաղության պայմանագիր կկնքենք: Երբ նախորդ տարվա մայիսին Բաքվի զորքերը Սյունիքում ու Գեղարքունիքում դարձյալ առաջ եկան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց զորքերը հայելային հետ քաշել: Սյունիքում ինչպե՞ս են վերաբերվում այս առաջարկին: Դեռ հարց է՝ ադրբեջանցիները Սև լճի և մյուս տարածքներ մտել են, թե՞ այդ տարածքներն իրենց տվել են: Ի՞նչ է նշանակում զորքերի հետ քաշում, ի՞նչ է նշանակում, որ հայը թուրքի առաջ հետ քաշվի, պատմության մեջ ես ըտենց բան չեմ լսել: Ես երեք պատերազմ անցած մարդ եմ, երբեք թուրքի առաջ հետնահանջ չի եղել: Էդ ո՞նց կլինի, որ հիմա և հետ քաշվենք, և այս պայմաններում սահմանազատում-սահմանագծում անե՞նք: Ոչ մեկս համաձայն չենք, ուզում եմ, որ սա իմանան: Սյունիքում մարդիկ համաձայն չեն, որ այս պայմաններում սահմանազատում արվի: Եթե մենք սրան համաձայնվենք, թուրքն ասում է՝ Սյունիքն էլ պիտի տաք, ո՞նց կարաս համաձայնվես: Ես թուրքին լավ ծանոթ եմ, թուրքը 1 սանտիմետր ուզում է, 100 անտիմետր մտնում: Այսինքն՝ անգամ սահմանազատման ու սահմանագծման պայմաններում նրանք ավելի՞ն են պահանջելու: Այո, միանշանակ, նրանք Սյունիքն են ուզում: Հետևաբար, այս պայմաններում մենք մեր ունեցածը պետք է դնենք, զենք-զինամթերք առնենք, մեր հողերը պաշտպանենք, ազատագրենք: Եթե մենք մեր հողերն ազատագրենք, ես ձեզ խոսք եմ տալիս, որ իրենք արդեն դասեր կքաղեն այս ամեն ինչից: Կիմանան, որ հայ ազգի հետ խաղալ չի կարելի, և դրանով կավարտվի ամեն ինչ: Սյունիքում մարդկանց մոտ տրամադրությունները մարտական են, սյունեցին հզոր ու կռվող ժողովուրդ է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
13-05-2022 22:32