Ռեզնիկովը խոստացել է մեկ միլիոն մարտիկի զինել նոր զենքերով և ռազմական տեխնիկայով

13-05-2022 22:40

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ երկիրը թեւակոխում է պատերազմի նոր փուլ: «Մենք Ռուսաստանին ստիպել ենք թիրախների մասշտաբները իջեցնել օպերատիվ-մարտավարական մակարդակի: Այս ֆոնին մենք թեւակոխում ենք պատերազմի նոր՝ երկարաժամկետ փուլ», Facebook-ում գրել է Ուկրաինայի ՊՆ ղեկավարը՝ հավելելով. Ռուսաստանը ռազմավարական պարտություն ստացավ՝ նա չկարողացավ ոչնչացնել ուկրաինական պետությունը ռազմական միջամտության և իշխանափոխության միջոցով: Ռեզնիկովը խոստացել է մեկ միլիոն մարտիկի զինել նոր զենքերով և ռազմական տեխնիկայով, որոնք ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ նվիրաբերել են երկրին վերջին երկու շաբաթվա ընթացքում: Պաշտպանության նախարարն ասաց, որ պատերազմի սկզբում «կամավորները հսկայական օգնություն են ցուցաբերել» և իրենց շարժունակության շնորհիվ «արագ լուծել են շատ հրատապ հարցեր»: Ռեզնիկովն ասել է, որ հաղթելու համար Ուկրաինան «պետք է մանրակրկիտ պլանավորի ռեսուրսները և խուսափի սխալներից», և խոսել ուկրաինական արտադրամասերում ներդրումների մասին՝ մատակարարման կայունությունն ապահովելու համար, տեղեկացնում է BBC-ն:

Lragir.am,
13-05-2022 22:40