Բաքուն հրաժարվե՞լ է բանակցություններից

Նախօրեին տարածվել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մայիսի 16-17-ը Մոսկվայում կայանալիք «սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով Ադրբեջանի և Հայաստանի հանձնաժողովների հանդիպման մասին»: Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը չի համաձայնել նման հանդիպում անցկացնել: Մայիսի 16-17-ը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ Մոսկվայում հանդիպում պետք է անցկացվի միայն հաղորդակցության հարցերի շուրջ, գրում են Բաքվի լրատվամիջոցները: Հետո հայտնի դարձավ, որ կողմերի միջև պայմանավորվածություն չկա քննարկելու հաղորդակցությունների և սահմանների անվտանգության հարցը: Ինչո՞ւ է Բաքուն հրաժարվում բանակցել: Դուշանբեում Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման նախօրեին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Զրույցի ընթացքում Փաշինյանը վերահաստատել է հաղորդակցությունների բացման և սահմանազատման պայմանագրային բազայի անհրաժեշտությունը: «Որպեսզի մենք ունենանք կոնկրետ և արդյունավետ լուծումներ, մենք պետք է լուծենք բոլոր իրավական, ընթացակարգային հարցերը»,- ասել է Փաշինյանը: Ալեքսեյ Օվերչուկը համաձայնել է, փաստորեն, խոստովանելով, որ այս հարցը չի լուծվել: Եթե ​​այս հարցերը չեն լուծվում իրավական հիմքով, մնում է ուժի կիրառման տարբերակը: Մոսկվան եւ Բաքուն Հայաստանի դեմ գործում են «հետնամուտքից», այսինքն՝ առանց միջազգային օրինական հիմքերի, շանտաժով եւ սպառնալիքներով:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
13-05-2022 23:38