Ուկրաինայի նախագահ Զելենսկին իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում աղմկոտ բացահայտումներ է արել․ նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իրեն առաջարկել է «Պուտինի դեմքը փրկելու համար» զիջումների գնալ: «Ինձ առաջարկել ինձ ինչ-որ բաներ՝ կապված մեր ինքնիշխանությունը զիջելու հետ՝ հանուն նախագահ Պուտինի դեմքը փրկելու, ինձ թվում է, որ դա այնքան էլ ճիշտ չէ որոշ առաջնորդների կողմից: Մենք պատրաստ չենք ինչ-որ մեկի ինչ-որ բանը պահել եւ դրա համար կորցնել մեր տարածքները», ասել է Զելենսկին: Ուկրաինական պաշտոնատարները նշում են վերջին օրերին նկատվող նման միտումների մասին: Ֆրանսիան ու Գերմանիան ջանքեր են գործադրում Ուկրաինային պայմանական «Մինսկ 3» պարտադրելու համար: Մակրոնը եւ Շոլցը սերտ բանակցությունների մեջ են Պուտինի հետ, եւ դրանով է բացատրվում գերմանական Բունդեսթագում Ուկրաինային ծանր տեխնիկա մատակարարելու հարցի անսպասելի հետաձգումը եւ Շոլցի հետ կապված սկանդալը: Իր հերթին, այս ծիրում է նաեւ Էրդողանը, որի խոսնակը երեկ աղմկոտ բացահայտում է արել Արեւմուտքի հետ բանակցելու Պուտինի պատրաստակամության մասին: Նշվում է, որ Պուտինը ներկայում փորձում է ամրանալ արդեն զբաղեցրած տարածքներում, քանի որ ռուսական բանակի մարդուժի եւ տեխնիկայի մեծ կորուստները, ինչպես նաեւ պատժամիջոցների հետեւանքները այս փուլում անհնար է դարձնում Ուկրաինայի դեմ պատերազմում նախապես հռչակված նպատակների իրագործումը: Ավելին, Ուկրաինային արեւմտյան զենքի մատակարարումները նրան կանգնեցնում են լիարժեք պարտության հեռանկարի առջեւ: Մոսկվան աշխատում է երկու ուղղությամբ՝ Եվրոպայում իր ավանդական «ագենտ» պետությունների եւ Արեւմուտքում գնված զլմ-ների եւ քաղաքական գործիչների լոբբինգի միջոցով, խոստանալով շռայլ պրեֆերենցիաներ (դրա դրսեւորումն է ԱՄՆ Սենատում հանրապետական սենատորներից մեկի՝ Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության հարցի արգելափակումը): Այս շրջանակը վերջին օրերին արշավ է սկսել «Պուտինի դեմքը փրկելու համար՝ ավելի վատթարից խուսափելու նպատակով»: Այսինքն, հանուն դրա՝ Ուկրաինային փորձում են համոզել համակերպվել ինքնիշխանության եւ տարածքային զիջումների հետ: ԱՄՆ նախագահ Բայդենը նշել է, որ Պուտինն ինքն իր համար այլ ելք չի թողել, եւ հիմա ինքը մտածում է ինչ անել դրա հետ: Ավելի վաղ, ամերիկյան պաշտոնատարները հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է պարտվի եւ դրվի այնպիսի իրավիճակում, որ այլեւս չկարողանա հարձակվել հարեւանների վրա: Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի դիրքորոշումը միանշանակ է՝ Ռուսաստանը պետք է պարտվի, քանի որ դադարի հնարավորություն ստանալով՝ շարունակելու է հարձակումները ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Եվրոպայում: Ո՞ր դիրքորոշումը կգերակայի Արեւմուտքում: Ուկրաինային աջակցության շարունակությունը նշանակում է Ռուսաստանի պարտություն եւ զորքերի դուրս բերում ընդհուպ Ղրիմից, Ռուսաստանի հետագա տրանսֆորմացման գործընթացներով: Ուկրաինան իր հերթին հայտարարել է, որ չեն համաձայնելու եւ թույլ չեն տալու «Մինսկ 3»՝ ռուսական զավթումների օրինականացում: