Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա

16-05-2022 16:49

Երևանի քաղաքապետարանում մայիսի 16-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր  ձեռնարկել ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես մեծացնելու համար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով վարչական շրջաններում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող շաբաթօրյակներին , Սարգսյանը նշել , որ դրանք  պետք է նպատակին ծառայեն: Քաղաքապետ հանձնարարել է քննարկել հստակ միջոցառումներ, որպեսզի մաքրվող տարածքները նորից չաղտոտվեն: Խորհրդակցության ընթացքում Հրաչյա Սարգսյանին զեկուցվեց, որ ամբողջությամբ հիմնանորոգվել է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը. մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը :Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար էլ Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու ծրագիր կիրագործվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է դեռևս տարիներ առաջ արված նախագիծը կյանքի կոչելու նպատակով առաջիկա տարիների համար նախանշել փուլային լուծումներ: Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը: Առաջին փուլով մաքրվել է տարածք, հղկվել և փոխարինվել են տուֆե սալիկները, ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում ու եզրաքարերի փոխարինում: Տարեկան ծրագրով բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում: Ընթացիկ տարում կնորոգվի Շտապբուժօգնության ծառայության շենքի տանիքը: Հանձնարարվել է նախագծային աշխատանքներում հաշվի առնել նաև էներգախնայողության բաղադրիչը, ինչը հնարավորություն կտա ծրագիրն իրագործել ՄԱԿ-ի հետ համատեղ: Վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբախցերի փակման գործընթացը: Այս պահին քաղաքում մնացել է 64 գործող աղբախուց: Մայիսի 16-ից  մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ մինչև հունիսի 7-ը: Հարցերի դեպքում քաղաքապետարանի հանրակրթության վարչության մասնագետները պատրաստ են ուսուցիչներին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն:

Lragir.am,
16-05-2022 16:49