Ադրբեջանցիներն Աղավնո գյուղում էլեկտրասյուներ չեն տեղադրել, հարակից սարերում կտեղադրեն

17-05-2022 18:24

Ադրբեջանցիներն Աղավնո գյուղում էլեկտրասյուներ չեն տեղադրել, գյուղի հարակից սարերում են դրանք տեղադրվելու: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին: Նա նշեց, որ իրավիճակն Աղավնոյում հանգիստ է: «Պայմանավորվել ենք նաև պատասխանատու մարմինների հետ, որ հաշվի առնելով կոնֆլիկտը, գյուղից դուրս գտնվեն այդ էլեկտրասյուները: Մեր առաջարկն անցել է: Այնպես չէ, որ սա նոր թեմա է, պայմանավորվածությունը հին է եղել, պարզապես հիմա են եկել տեղադրելու այդ էլեկտրասյուները: Մի տեղ փորձեցին գյուղում տեղադրել, ասել ենք՝ չէ»,- ասաց Չավուշյանը: Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ են նախատեսված և նոր ճանապարհ կառուցելու, և էլեկտրականություն անցկացնելու ու այլ հարցերը: «Պայմանավորվածություն կար, որ հոսանքը պիտի քաշվեր, ռուս խաղաղապահներն ասում են, որ իրենք իրենց գործն են անում, ավելին, իրենք համարում են, որ մենք պայմանավորվածությունը խախտում ենք: Հիմա մարդիկ նաև տեսնում են ու ասում՝ վայ, ադրբեջանցիները ճանապարհ են սարքում: Եթե մերոնք չեն կառուցում, իրենք պետք է կառուցեն, գիշեր-ցերեկ աշխատում են, ինչո՞ւ մերոնք չեն կառուցում: Այդ ճանապարհը մեր գյուղը շրջանցում է, բայց դա ոչինչ չի փոխում, մենք շարունակելու ենք այստեղ ապրել: Ես չեմ ուզում մանրանալ Նիկոլի ստորագրած փաստաթղթի մեջ, ասում է՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, դե թող պատասխանատվություն կրի: Հարցերն իրեն պետք է ուղղենք: Բայց մենք անպայման մնալու ենք մեր գյուղում»,- նշեց Չավուշյանը: Կարդացեք նաեւ Ադրբեջանցիներն այսօր փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս

Lragir.am,
17-05-2022 18:24