Ազգային արժանապատվությունը նվաստացնող դեպքերը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում

17-05-2022 20:07

Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս հետամուտ է լինելու ազգային արժանապատվությունը նվաստացնելուն, ազգային թշնամանք հարուցելուն ուղղված նմանատիպ դրսևորումները չեզոքացնելու համար և համարժեք միջոցներ է ձեռնարկելու` կատարված հանցագործության դեպքերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, միաժամանակ տեղեկացնում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամկետով:

Lragir.am,
17-05-2022 20:07