Աղավնո․ եռակողմ դավադրության բաց նյարդը

18-05-2022 16:17

Արցախյան Աղավնո գյուղը դարձել է «հայ-ադրբեջանական կարգավորման» բաց նյարդը, և այնտեղ ապրող մարդկանց տոկունությունը փոխհատուցում է քաղաքական դասի վախկոտությունն ու պետական ​​մտածողության բացակայությունը: Աղավնո գյուղը մնաց ապրելու Լաչինի միջանցքի մոտ, որը ոչ միայն Արցախը Հայաստանին կապող ճանապարհ է, այլ աշխարհքաղաքական պորտալար, որը երաշխավորում է Արցախի՝ Ադրբեջանից անկախ կյանքը: Լաչինի միջանցքի փակումը, ինչպես ասում են Բաքվում, կլինի արցախյան հիմնախնդրի վերջնական «կարգավորումը», և հայկական պետականության ավարտի սկիզբը: Աղավնո գյուղի բնակիչներն այժմ հերոսաբար պաշտպանում են ոչ միայն հայոց Արցախը, այլեւ հայոց պետականությունը: Սրանք պաթետիկ խոսքեր չեն: Բավական է կարդալ Բաքվի մամուլը, և կարելի է տեսնել, թե ինչ ծրագրեր են փայփայում Բաքվում՝ Բերձորն ու Աղավնոն շրջանցելով նոր ճանապարհ կառուցելով: Նշվում է, որ նոր ճանապարհի կառուցումից և ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվելուց հետո Ադրբեջանը նույն անցակետեր ու մաքսակետեր կտեղադրի այնտեղ, ինչպես Հայաստանն է առաջարկում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքում: Նշվում է նաեւ, որ մաքսակետեր հաստատելով՝ կիրականացվի Նիկոլ Փաշինյանի ասածը՝ «Տեղ գյուղից այնկողմ Ադրբեջան է»: Ռուս խաղաղապահները, ըստ Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի, օգնում են ադրբեջանցիներին էլեկտրահաղորդման գծեր անցկացնել: Այս անգամ հաջողվեց պայմանավորվել, որ այդ գծերը Ահաավնոյով չեն անցկացվելու, սյուները կտեղադրվեն գյուղի մերձակայքում: Ըստ Չավուշյանի, ռուս խաղաղապահները զբաղված են ադրբեջանցիների պահշտպանությամբ, որոնք նոր հաղորդակցություններ են անցկացնում: Նոր հաղորդակցությունների անցկացումը նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ, ասում է Չավուշյանը. Բաքուն շտապում է խնդիրը լուծել «տեղում»՝ իրականացնելով Բաքվի, ՀՀ իշխանության և Մոսկվայի միջև Արցախը մինչև 2025 թվականը Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածությունը: Ռուս խաղաղապահներն աջակցում են նոր հաղորդակցությունների անցկացմանը, Կրեմլին մերձ վերլուծաբանները Բաքվին խորհուրդ են տալիս սպասել Արցախի «խաղաղ ընդունման-հանձնմանը», Հայաստանի իշխանությունը եւ նոմենկլատուրային «ընդդիմությունը» հավատարմության երդում են տալիս եռակողմ հայտարարությանը:

Lragir.am,
18-05-2022 16:17