Զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու համար մեղադրվող Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին

18-05-2022 21:50

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022 թվականի մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Գարիկ Գալեյանին:  Վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է: Պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է փաստաթղթեր, որոնց համաձայն` Գարիկ Գալեյանի կնոջ՝ Ա.Գալեյանի մոտ հաստատվել է 29-30 շաբաթական հղիություն, ինչպես նաև Գարիկ Գալեյանի մոտ շուրջ 6 շաբաթ առաջ ախտորոշվել է «Սրտի իշեմիկ հիվանդություն, անկայուն ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ, իշեմիկ կարդիոմիոպատիա», որի կապակցությամբ բժշկական միջամտությամբ կատարվել է ստենտավորում: Ձերբակալված Գարիկ Գալեյանի մոտ ախտորոշվել է «Ս.Ի.Հ. հիպերտոնիկ կրիզ», վերջինս ժամը 13:00-ի սահմաններում ընդունվել է ստացիոնար բուժման «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք: Վերոգրյալով պայմանավորված, նկատի ունենալով, որ բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ձերբակալված Գարիկ Գալեյանին ազատ արձակել արգելանքից, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Հավելենք, որ քրեական վարույթի շրջանակներում սույն թվականի մայիսի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Արթուր Գալեյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

Lragir.am,
18-05-2022 21:50