Մոսկվան ակնարկում է սահմանային նոր միջադեպերի մասին. Երևանը կփոխի՞ իր խղճուկ կուրսը

Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի կայացել մայիսի 16-17-ին նախատեսված սահմանազատման հանձնաժողովի նիստը: «Հուսով եմ, որ հանդիպումը վերջապես կկայանա առաջիկա օրերին կամ շաբաթներին»,- ասել է Արարատ Միրզոյանը: Նա կրկին նշել է, որ Բաքվի առաջարկած կետերը կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը: «Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն: Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել», ասել է Արարատ Միրզոյանը: Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի» միջոցով 6 կետ ուղարկեց Բաքվին, «խաղաղության պայմանագրի նախապատրաստման» տեմպերը նկատելիորեն դանդաղեցին: Իր հերթին, Ալիևը երեկ ասել է, որ Հայաստանը երկու անգամ՝ ապրիլի 29-ին և մայիսի 7-11-ին, չեղարկել է արդեն համաձայնեցված հանդիպումները: Նա Հայաստանից նոր ժամկետ է սպասում: Մոսկվան և Բաքուն, ոգեշնչված Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի արդյունքներով և եռակողմ հայտարարությանը ՀՀ կառավարության հավատարմությամբ, փորձում են Հայաստանին պարտադրել «խաղաղության պայմանագրի» վերջնագրերը՝ պատերազմի արդյունքների ճանաչում և 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի վերաթարմացում՝ Հայաստանի նոր կորուստների հաշվին: Իրանի և ԱՄՆ կոշտ հայտարարություններից հետո Երեւանն առաջ քաշեց իր 6 կետերը: Արդյոք դա կստիպի պաշտոնական Երեւանին փոխել «ամեն գնով խաղաղություն» մուրալու իր խղճուկ կուրսը: Ալիեւը Լիտվայի նախագահի հետ զրույցում ասել է, որ «Եվրամիությունը կապի մեջ է երկու կողմերի հետ՝ համաձայնության գալու համար»: Իր հերթին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ «մենք դեռ շատ հեռու ենք դրանից, բայց եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն կգործադրի բոլոր ջանքերը՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը»: Հակամարտության վերսկսումը կանխելու համար Հայաստանին անհրաժեշտ են միջազգային երաշխիքներ: Ռուսաստանն իր հերթին չի բացառում, որ հնարավոր են միջադեպեր: Մարիա Զախարովան հայտարարել է, որ «սահմանային որեւէ միջադեպ կանխելու համար անհրաժեշտ է, որ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովը սկսի աշխատանքը»: Բաքուն և Մոսկվան կարող են դիմել բազմիցս կիրառած սահմանային նոր միջադեպերի, եթե Հայաստանը պնդի իր պայմանները: Այս մասին Փաշինյանը Մոսկվայում խոսե՞լ է Պուտինի հետ: Թե՞ նրան ավելի շատ մտահոգում էին, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Հայաստանի ներքին գործընթացները:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
19-05-2022 09:34