Մեկնարկել է Գյումրիի Բարեկամության այգու Վերնիսաժի տաղավարների կառուցումը․ ԵՄ և GIZ-ի  պատվիրակությունները ծանոթացան աշխատանքների ընթացքին

19-05-2022 13:23

Մայիսի 19, 2022 թ․, Երեւան: Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի ներկայացուցիչները մայիսի 19-ին այցելեցին  Գյումրի՝ ծանոթանալու Բարեկամության այգու Վերնիսաժի տաղավարների կառուցման աշխատանքներին և զբոսայգում ընթացող շինարարությանը: Հյուրերն այցելեցին Գյումրիի «Տեխնոսիթի» ընկերության արհեստանոց, որտեղ և ստեղծվում են այգու կարևոր բաղադրիչներից մեկի՝ Վերնսիաժի տաղավարները: Զբոսայգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-պետական համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման մոդել Գյումրիում: ITTD ծրագիրը միացել է Բարեկամության այգու վերակառուցման ծրագրին 2021 թ․-ին: Դրամաշնորհային այս ծրագրի շրջանակում այգում կառուցվելու է սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր և Վերնիսաժի 25 տաղավարներ: «ԵՄ-ն ուրախ է աջակցել այս նախագծին: Վստահ ենք, որ այն կդառնա հիասքանչ Գյումրիում ամենաայցելվող վայրերից մեկը: Տեղեկացանք, որ վերակառուցված Բարեկամության այգին աշխատելու է ամբողջ տարին: Սա ևս մեկ լրացուցիչ խթան է զբոսաշրջիկների համար՝ այցելելու Գյումրի տարվա ցանկացած եղանակին»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը: «Մենք ուրախ ենք աջակցել Գյումրիի Բարեկամության այգու նախագծին, քանի որ կարծում ենք, որ այն շրջադարձային կլինի Գյումրիում զբոսաշրջության աճի համար և կլինի հիանալի ժամանակակից կանաչ այգի գյումրեցիների համար: Սա յուրահատուկ նվեր է այս պատմական քաղաքին»,- նշել է ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն: Վերնիսաժի տաղավարների դիզայնը մշակելիս, ճարտարապետներն օգտագործել են հայկական ավանդական ճարտարապետությունում առկա զիգզագաձև տարրերը: Տաղավարները կարող են ձևափոխվել փայտե կոնստրուկցիաների և ձգվող հովանիների շնորհիվ, որոնք իրենց նախշերով և գունային համադրությամբ հիշեցնում են հայկական ազգային կարպետ: Մոդուլները կարող են նաև ձևափոխվել՝ ստանալով ալիքաձև, գծային կամ շրջանաձև դասավորություն: Վերնիսաժի տաղավարների ճարտարապետական դիզայնը մշակել է IND Architects բյուրոն, որը 2020 թ․-ին հաղթող ճանաչվեց TUF հիմնադրամի կողմից հայտարարած այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթում: «Հաշվի առնելով Գյումրիի եղանակային պայմանները և խստաշունչ ձմեռները, Վերնիսաժի տաղավարները լինելու են ֆունկցիոնալ տարվա բոլոր եղանակներին: Տաղավարներում կցուցադրվեն թե՛ Գյումրիի, թե՛ Հայաստանի տարբեր մարզերի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ և արվեստի գործեր: Վերնիսաժում կանցկացվեն նաև արվեստների ու արհեստների վարպետության դասեր, ցուցահանդեսներ և տոնավաճառներ»,-ասում է TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը: Այցի շրջանակում հյուրերը շրջեցին նաև Բարեկամության այգու տարածքում և տեղում ծանոթացան ընթացիկ շինաշխատանքներին: Այս փուլով այգում ընթանում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների, լուսավորության և հիմնական ճեմուղիների կառուցման աշխատանքներ, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում: Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար: Զբոսայգու որոշ օբյեկտների շինարությունը, այդ թվում՝ Վերնիսաժի 25 տաղավարների կառուցումը, նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերի կեսին, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար: 2023 թ․ աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին իր բոլոր օբյեկտներով: ***  ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի մասին ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ ապահովել համընդհանուր և հավասարակշռված ներառական աճ զբոսաշրջության և նորարարական ոլորտներում, որը կապահովվի Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջության նորարարական ձեռնարկումների, բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռնարկատերերի աջակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտողների միջազգային գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ուսանողների և ընդհանուր բնակչության համար ձեռներեցության մշակույթի զարգացմանը նպաստող ցանցերի միջոցով:  «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի մասին  «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից  ստանձնել է  IDeA հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերի իրականացումը: TUF հիմնադրամն իրագործում է ծրագրեր Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում, Արցախում և Երևանում: Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարարական ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու նպաստում համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի՝  որպես մրցունակ զբոսաշրջային երկրի դիրքավորմանը: TUF-ի հիմնադիրը  բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է:

Lragir.am,
19-05-2022 13:23