ՄԱԿ-ը մեղսակից է դառնում Բաքվի քաղաքականությանը

Բաքվի վարչակազմը միջազգային համաժողով է անցկացնում օկուպացված հայկական Շուշիում: Համաժողովին մասնակցում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը: Քաղաքակրթությունների դաշինքը ստեղծվել է 2004 թվականի սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի 59-րդ Գլխավոր ասամբլեայում Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի նախաձեռնությամբ, ինչին աջակցում էր այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը: 2019-ին և հետո էլ Էրդողանը բողոքում էր, որ իր երկրին թույլ չեն տալիս միջուկային զենք ունենալ՝ հայտարարելով, որ քաղաքակիրթ աշխարհը չի վստահում թուրքերին: «Խորը պայքար է ընթանում քաղաքակրթական և հակաքաղաքակրթական ուժերի միջև: Հայ ժողովուրդը դա զգում է անմիջականորեն», այն ժամանակ Շուշիում հայտարարել էր Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: 2016թ. ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «հայերի նախնիները ստեղծել են ամենահզոր հին քաղաքակրթություններից մեկը»: «Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջատեղյակ ենք հայոց պատմության նշանակալից իրադարձություններին: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է ապագայում բացառվեն»,- 2019 թվականի մայիսին Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: 2019 թվականին Հայաստանը մասնակցում էր ՄԱԿ-ի հանդիպմանը, որը կոչվում էր «Հին քաղաքակրթությունների ֆորում»՝ Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Պերուի և Չինաստանի արտգործնախարարների մասնակցությամբ: Այնտեղ Ադրբեջանի մասին խոսք չկար: «Անհրաժեշտ է ամրապնդել փոխանակումները և երկխոսությունը տարբեր կողմերի միջև՝ ժամանակի փորձված քաղաքակրթություններից ողջ աշխարհում խաղաղության և զարգացման նոր լուծումներ գտնելու համար», հայտարարեցին ֆորումի մասնակիցները: ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքը, մասնակցելով Շուշիի համաժողովին, ՄԱԿ-ին մեղսակից է դարձնում հայկական քաղաքակրթությունն ու հայկական մշակույթը ոչնչացնելու Բաքվի քաղաքականությանը: Ընդ որում, ՄԱԿ-ի սկզբունքների ու մանդատի խախտմամբ՝ Հայաստանի դեմ 2020-ի ահաբեկչական պատերազմից հետո:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
19-05-2022 19:07