ՀՀ ՄԻՊ-ը և Freedom House-ի տարածաշրջանային ծրագրերի տնօրենը համագործակցության նոր հնարավորություններ են նախանշել

19-05-2022 19:17

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 19-ին ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է գործընկերոջը ՄԻՊ աշխատակազմում՝ անդրադառնալով թե Պաշտպանի առաքելության մարտահրավերներին և թե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններին: Մարկ Բեհրենդտն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քրիստիննե Գրիգորյանն իր կարևոր նպաստը կբերի Պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացման գործում: Պաշտպանը ներկայացրել է պատերազմի հումանիտար հետևանքների վերացման հարցերին, հատկապես գերիների ու անհետ կորած անձանց հայրենադարձման ու անհետ կորած անձանց ընտանիքներին օգտակար ու պատասխանատու տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը: «Գործունեության առաջնահերթությունների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի, խտրականության բոլոր ձևերի բացառման և կանանց իրավունքների պաշտպանության իր նպատակադրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մարկ Բեհրենդտի հարցմամբ Պաշտպանն անդրադարձել է նաև այս օրերին հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքի խնդիրներին, մարդու իրավունքների խախտումների դեպքերով ՄԻՊ աշխատակազմի լիազորություններին, գործիքակազմին և իրականացվող աշխատանքներին: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մարդու իրավունքների պաշտպանությանը միտված համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել:

Lragir.am,
19-05-2022 19:17