Այսօր ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ․ ՄԻՊ

19-05-2022 20:08

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «19.05.2022թ.-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվել է իրականացվել Երևան քաղաքում տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում, այդ թվում ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրության միջոցով: Այսօրվա մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ այսօր հավաքների, այլ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ: Դրանց ընթացքում, հիմնականում միջադեպեր տեղի չեն ունեցել, իսկ եղածները տեղում հարթվել են: Պաշտպանը արձանագրում է, որ նման արդյունավետ փոխգործակցությունը ողջունելի է թե´ոստիկանության ծառայողների պատշաճ վարքագիծ դրսևորելու, թե´ հավաքի մասնակիցների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորման և թե´ հավաքին չմասնակցող այլ անձանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից: Այլ կերպ՝ նման փոխգործակցությունը բխում է բոլորի իրավաչափ շահերից: Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել տեղի ունեցող գործընթացին և հետամուտ է լինելու վերհանված խախտումների հասցեագրման հարցում»:

Lragir.am,
19-05-2022 20:08