«Մանթաշյանց» գործարարների միության ջանքերով տեղի ունեցավ հանդիպում Իրաքի Քուրդիստանի պատվիրակության և Հայաստանի գործարաների միջև: Այս պահին Իրաքի Քուրդիստանից գործարարների մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան, որպեսզի հասկանան, թե ի՞նչ կարող են Հայաստանից ներկրել Քուրդիստան: Իրաքի Քուրդիստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը փաստեց, Իրաքի Քուրդիստանի և Հայաստանի միջև կա համագործակցություն, որն անհրաժեշտ է ընդլայնել փոխշահավետ սկզբունքով․ «Այս հանդիպման նպատակն է խթանել հայ և քուրդ գործարարների համատեղ գործունեության շրջանակները, մեր առևտրաշրջանառության պահանջը կազմում է մոտ 150-ից 160 միլիոն, որը հետագայում կաճի, եթե նմանատիպ հանդիպումները շարունակական լինեն»,-ընդգծեց Մանուկյանը: Իրաքի Քուրդիստանն ինքնավար մարզ է, որտեղ մոտ 5 միլիոն մարդ են ապրում և ունեն նաֆթի ու գազի հսկայական պաշարներ: Քուրդիստան նավթից հսկայական թվով գումար է մտնում, բայց գրեթե ամեն ինչ ներկրում են, քանի որ չունեն արտադրություններ: Տնտեսությունը զարգացած չի, բայց գումարներ կան, ուստի Հայաստանի համար սա հրաշալի հնարավորություն է: «Տարածաշրջանով մենք շատ մոտ ենք Իրաքի Քուրդստանի հետ, բայց չկան հարաբերություններ, սա թերևս պատմական արմատներ ունի, որովհետև խորհրդային միությունը կտրված էր այդ շրջանից և դա իր հետևանքներն ունեցավ նաև հետո, ինչն էլ խոչընդոտեց տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մեր կողմից այս նախաձեռնությունը հենց այդ նպատակն ունի՝ կարողանալ հարաբերություններ ստեղծել հայ գործարարների և Իրաքի Քուրդիստանի գործարարների հետ, հետագայում ավելի արդյունավետ աշխատելու համար», – նշեց «Մանթաշյանց» ԳՄ համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը: Իրաքի Քուրդիստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանն էլ հավելեց․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մանթաշյանց ակումբին, որովհետև այսօր փաստորեն 50-ից ավել հայ գործարարներ և 12 քուրդ գործարարներ տևական ժամանակ համատեղ քննարկումներ ունեցան, որպեսզի տեսնեն, թե ինչպես են ընդլայնելու հետագա, համատեղ գործնեությունը», տեղեկացնում են Մանթաշյանց ակումբից: