Եթե մենք նախկինում գնահատում էինք, որ ՀՀ-ում արդարադատության վիճակը ծանր էր, հիմա ոչ միայն կայուն ծանր է, այլ նաև կարելի է ասել, որ բացարձակ քաոսային է

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Կառավարության նիստում ընդունվեց նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Սահմանադրական դատարանի անդամներին վճարել հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորներին՝ 50 տոկոսի չափով: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այս որոշումները կայացվում են առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ: Դուք ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ որոշումները: Ես միշտ ասել եմ, որ դատավորները պիտի բարձր վարձատրվեն: Առհասարակ արդարադատություն իրականացնող համակարգը միշտ պետք է բարձր վարձատրվի, որպեսզի հնարավոր լինի ապահովել իրենց նախ անկախությունը, երկրորդը՝  բարեկեցությունը, որպեսզի իրենք չունենան առօրեական խնդիրներ և մտածեն բացառապես իրենց վրա դրված ֆունկցիաները կատարելու մասին: Բայց ես, մեղմ ասած, վերապահումով եմ վերաբերվում չլյուստրացված և վեթինգի չենթարկված համակարգերի նկատմամբ այսպիսի ճոխությանը: Ես անձնապես պատրաստ չեմ վճարել բազմաթիվ անձանց համար, ովքեր ծառայել են հանցավոր ռեժիմին, որոնց անաչառության ու ՀՀ-ին ծառայելու, իրենց ստատուսի վերաբերյալ ունեմ մեծ կասկածներ: Ի դեպ, այդ գումարը վճարում է ոչ թե ՔՊ-ն, ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ կառավարությունը, այդ գումարը վճարում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այն մարդիկ, ում իրավունքները խախտված են եղել նաև գործող դատավորների թեթև ձեռքով ու մասնակցությամբ: Եվ այդ մարդկանց խախտված իրավունքները մինչև այսօր այդպես էլ չեն վերականգնվել, և այս իշխանության օրոք որևէ շանս չկա, որ կվերականգնվեն: Դատական ու իրավական համակարգերի վիճակն ինչպե՞ս եք գնահատում այսօր: Ոչ մի փոփոխություն չեղավ համակարգում, և դա է պատճառը, որ մենք այսօր մեր պետության ներսում ունենք այսպիսի լարված ու ծանր իրավիճակ: Բազմաթիվ անձինք, ովքեր պետք է ազատություն մուրային ու ներողություն խնդրեին ժողովրդից, այսօր ատելության խոսք ու բռնություն են կիրառում ժողովրդի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ: Սա վեթինգի, լյուստրացիայի, անցումային արդարադատության չիրականացման հետևանքն է: Եվ ցավալիորեն մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Ամենակարևորը, եթե մենք նախկինում գնահատում էինք, որ ՀՀ-ում արդարադատության վիճակը ծանր էր, հիմա ոչ միայն կայուն ծանր է, այլ նաև կարելի է ասել, որ բացարձակ քաոսային է: Արդարադատությունն այն համակարգն է, որը պիտի կանխատեսելի լինի, որի որոշումները պետք է կանխատեսելի լինեն: Մենք ապրում ենք այն իրավիճակում, որ առհասարակ որևէ գործողություն որևէ մեկի գործով կանխատեսելի չէ, հատկապես եթե այդ գործերը կապ են ունենում նախկին կամ ներկա քաղաքական գործիչների հետ: Ակնհայտ հանցագործության տարրեր պարունակող գործերը շարունակվում են կոծկվել, փակվել, այդ թվում՝ նաև գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների վերաբերյալ գործեր, որոնք պետք է հարուցվեին, բայց չկան: Դրան զուգահեռ, նաև նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների գործերն են շատ բարեհաջող տապալվում: Եվ այս պայմաններում դատական համակարգի որևէ ատյանի աշխատանքը գնահատելն ու աշխատավարձ բարձրացնելն արդյունավետ, ողջամիտ ու արդարացված չեմ համարում: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ մարդիկ դժգոհ են, թե ինչո՞ւ են բարձրացնում դատավորների կամ դատախազների աշխատավարձերը: Այսինքն՝ հանրության մեջ այս դիսկուրսը չէ՞ր լինի, եթե վստահություն լիներ այդ համակարգերի նկատմամբ: Իհարկե, շատ անգամ այսպիսի բացատրություն են բերում, որ երբ մի գործում առկա են երկու հակադրված կողմերը, մի կողմն անպայման դժգոհ է լինում: Բայց ես հավտացնում եմ ձեզ, որ մենք ունենք բազմաթիվ գործեր, որոնցով բոլոր կողմերը դժգոհ են դատական համակարգից: Այդպես չի լինում: Այսինքն՝ իրենց արդարացումները կեղծ են, մտացածին են: Սա ես ենթադրում եմ, որ հենց այն գործարքի մի մասն է, որ եկան համաձայնության՝ չփոխելու, չբարեփոխելու այս համակարգը: Այն կեղծ խոստումները, որոնք տվեցին կամ այն իբր բարեփոխումները, որոնք ներկայացվում են որպես բարեփոխում, բարեփոխման հետ աղերս չունեցող գործընթացներ են և չեն կարող բերել որակական փոփոխությունների: Սա ավելի լճացնող, խնդիրներն ավելի խորացնող իրավիճակ է: Բայց առհասարակ, այո, արդարադատություն իրականացնող համակարգը պետք է լինի ամենաբարձր վարձատրվող համակարգերից մեկը, որովհետև իրենց վրա դրված է բացառիկ գործառույթ՝ իրականացնել արդարադատությունը: Ոչինչ պետության համար չի կարող լինել ավելի կարևոր ու ավելի թանկ, քան կրթության ու արդարադատության ոլորտները, որոնց վրա ափսոս չէ որևէ գոմար ծախսելը, որովհետև դա մեր անվտանգությունն է, մեր ապագան ու զարգացումն է: Բայց այդ համակարգերը պետք է համապատասխանեն իրենց ստատուսին, մեզ մոտ այդ համակարգերը չեն իրականացրել և հիմա էլ չեն իրականացնում իրենց վրա դրված պարտականությունները:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
19-05-2022 22:43