Դեսպանը վերահաստատեց ԱՄՆ դիրքորոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է ԱՄՆ դիրքորոշումը Արցախի հարցում: Հայ ժողովուրդը 2020 թ. վերջին բախվեց նաեւ Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ մարտական գործողությունների վերսկսմանը, որն ավարտվեց փխրուն հրադադարով, ասել է դեսպանը: Այսպիսով, դեսպան Թրեյսին «եռակողմ հայտարարությունը», որի հեղինակը Պուտինն է, անվանում է «փխրուն հրադադար»: Հայաստանի ղեկավարությունը, ինչպես նաեւ խորհրդարանի «ընդդիմությունը» պարբերաբար հավատարմության երդում է տալիս «եռակողմ» թղթի կտորին՝ այն ներկայացնելով որպես անվերապահ վերջնական որոշում: ԱՄՆ-ը եռակողմ հայտարարությունը վերջնական որոշում չի համարում. «Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տեւական լարվածության հիմքում գտնվող եւ 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները եւ պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ», ասել է դեսպանը: Նա ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն չի վիճարկել հակամարտության ռազմական լուծումն ու ուժային ճանապարհով պարտադրված զինադադարը, այլեւ անտեսում է նախապատերազմական ստատուս քվոյին վերադառնալու տարբերակները: Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի աշնանը Ֆրանսիայի Սենատն ընդունել էր Արցախը ճանաչելու և 1994 թվականի սահմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին բանաձեւ: Հայաստանի ղեկավարության, ինչպես նաեւ այս օրերին «Արցախի փրկության շարժում» սկսած խորհրդարանական «ընդդիմության» հռետորաբանության մեջ նման պահանջ չլսվեց: «Մտահոգության տեղիք են տալիս այնպիսի գործողությունները, ինչպիսիք են վերջին շրջանում գրանցված գազամատակարարման խաթարումները եւ ադրբեջանական զորքերի տեղաշարժերը շփման գծի հատվածում: Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումից խուսափելու կարեւորությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ հաղորդակցության միջոցներ կիրառեն:»,- ասել է դեսպանը: Նա ակնարկել է, որ չի կարելի հույսը դնել «միջնորդների» վրա, որոնք ցույց են տվել իրենց իրական կերպարը: Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտին Փառուխում տեղի ունեցած իրադարձություններից հետո «հրադադարի» երաշխավոր երկրի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել էր, թե «դեռ պետք է պարզենք, թե ինչ է կատարվել»: Միաժամանակ, ռուսական կողմի նյարդայնության պատճառն այն էր, որ բոլորի համար պարզ էր դարձել, որ հայկական դիրքերի հանձնումը տեղի է ունեցել ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ: «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»,- ասել է Լին Թրեյսին: Սա շատ կարևոր հայտարարություն է, որը նույնպես Հայաստանի կառավարությունն իրեն թույլ չի տալիս: Երևանը վաղուց չի խոսում Արցախի դերի ու սուբյեկտության մասին՝ գործընթացը տեղափոխելով «արցախցիների իրավունքների ու անվտանգության պաշտպանության եւ դրանից բխող կարգավիճակի» անորոշ հուն:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
19-05-2022 23:24