ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինային փոխանցել Harpoon հրթիռներ

19-05-2022 23:44

Սպիտակ տունն աշխատում է Ուկրաինա արդիական հականավային հրթիռներ փոխանցելու ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից Սև ծովի շրջափակումը հաղթահարելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: ԱՄՆ երեք պաշտոնյաներ և Կոնգրեսի երկու աղբյուրներ ասել են, որ Վաշինգտոնը դիտարկում է երկու տեսակի հականավային հրթիռներ Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը՝ Boeing-ի Harpoon և Kongsberg և Raytheon Technologies-ի NSM (Naval Strike Missile) հրթիռները: Գործակալությունը նշում է, որ կան մի շարք խնդիրներ, որոնք դանդաղեցնում են Ուկրաինա հրթիռների փոխանցումը: Harpoon-ը ծովային հրթիռ է, և այն ափից արձակելը տեխնիկապես դժվար է: Սակայն ԱՄՆ-ի երկու պաշտոնյաներ ասել են, որ Միացյալ Նահանգներն աշխատում է հնարավոր լուծումների վրա, ներառյալ արձակման կայանը ամերիկյան նավից հանելը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սև ծովի օպերատիվ գոտում գտնվում է ՌԴ ռազմածովային ուժերի մոտ 20 նավ: Հադսոնի ինստիտուտի ռազմածովային փորձագետ Բրայան Քլարկը Reuters-ին ասել է, որ 12-ից 24 Harpoon հականավային հրթիռները բավարար կլինեն ռուսական նավերին սպառնալու և Մոսկվային համոզելու վերացնել շրջափակումը: «Եթե Պուտինը համառի, Ուկրաինան կարող է շարքից հանել Ռուսաստանի ամենամեծ նավերը, քանի որ նրանք Սև ծովում թաքնվելու տեղ չունեն», – ասել է Քլարկը: Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավը Սև ծովում խորտակվել է ապրիլին: Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ այն խոցվել է «Նեպտուն» հրթիռով: Ինչպես մայիսի 18-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը, «Ադմիրալ Մակարով» հրթիռային ֆրեգատն այժմ կարող է դառնալ Սևծովյան նավատորմի նոր դրոշակակիրը:

Lragir.am,
19-05-2022 23:44