ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները

20-05-2022 17:44

Մայիսի 16-20-ը Վիեննայում ընթացող՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) 31-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվել է հատուկ միջոցառում՝ նվիրված Հայաստանում հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ձեռքբերումներին և մարտահրավերներին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:  Միջոցառման շրջանակներում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդես է եկել առանձին զեկույցով: Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերով ներդրվող առանցքային ինստիտուտները, որոնք հենվում են իրավունքակենտրոն մոտեցումների վրա: Տեղեկացվել է, որ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվել է նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը, որն ամբողջացնում է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների շղթան:         Փոխնախարարն ընդգծել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեծ դերակատարում ունի օբյեկտիվ մշտադիտարկումը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է մոնիթորինգի ենթարկելու բարեփոխումներից հետո ձևավորվող իրավիճակը և շարունակելու քայլեր ձեռնարկել քրեական արդարադատության համակարգը բարեփոխելու ուղղությամբ: ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները՝ վերահաստատելով ՄԱԿ-ի պատրաստակամությունն աջակցելու ոլորտային բարեփոխումների իրականացմանը: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոստիկանական ոլորտի բարեփոխումներին, որոնց իրականացման ընթացքում գործուն աջակցություն է ունեցել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP): Միջոցառումն անցկացվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիլա Պիտերս Յահիայի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC)՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտտալի գլխավորությամբ:

Lragir.am,
20-05-2022 17:44