Իրեն ընդդիմություն հռչակած խորհրդարանական փոքրամասնությունը ծառայում է Մոսկվային, իսկ հիմա՝ փաստորեն նաև Թուրքիային ու Ադրբեջանին

Lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին հայտարարեց, որ ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում: Սա ի՞նչ ուղերձ է: Ես կարծում եմ, որ դա նորություն չէ, ԱՄՆ-ն միշտ էլ ճանաչել է ինքնորոշման իրավունքը: Նորությունն այն է, որ տասնամյակներով հայ ժողովրդից թաքցնում էին այն հանգամանքը, որ իրականում չկա ոչ մի հակադրություն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության իրավունքի միջև: Պետության տարածքային ամբողջականությունը վերաբերում է ցանկացած երկրի արտաքին սահմաններին, որոնք բնականաբար փոփոխական են: Իսկ ազգերի ինքնորոշումը դա սկզբունք է, որը հավերժ է, փոփոխական չէ: Եվ եթե մենք առաջնորդվեինք և եթե հիմա առաջնորդվենք այդ սկզբունքով, ապա Հայաստանի և հատկապես Արցախի հայության ճակատագիրը, անվտանգությունը և իրավունքները լինելու են միջազգային օրենքի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ, քաղաքակիրթ աշխարհի երաշխավորված իրավունքի ներքո: Մոտավորապես դա էր ժամանակ առ ժամանակ Հայաստանին ակնարկում ԱՄՆ-ն: Նախորդ անգամ դա արվել էր 2018 թվականի աշնանը, երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այդ ուղերձով եկել էր Նիկոլ Փաշինյանի մոտ: Նաև զենքի առաջարկ եղավ Հայաստանին, բայց դա երևացող մասն էր, իրականում առաջարկվում էր քաղաքակրթական ընտրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Եթե մենք մտնում ենք արևմտյան աշխարհ, ապա պաշտպանության երաշխիքներ կլինեն, ինչպես այսօր ենք լսում, որ Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ մտնելուց առաջ անգամ ունեն պաշտպանության երաշխիքներ: Բրիտանիան էլ ասաց, որ ՆԱՏՕ մտնող ցանկացած երկիր կունենա Բրիտանիայի պաշտպանության երաշխիքները, մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են օգնում Ուկրաինային, երբ Ուկրաինայի քաղաքակրթական ընտրությունն արդեն ակնհայտ է ու անբեկանելի: Այնպես որ, այստեղ մեծ հաշվով մեզ համար նորություն չկա, եթե դա նորություն է մեզ համար, ապա դա նշանակում է, որ հայկական քաղաքական վերնախավը տասնամյակներով կամ սխալվում էր, կամ ստում էր սեփական ժողովրդին: Փողոցային պայքար ծավալող ընդդիմությունը պահանջում է, որ ԱՄՆ-ն հետ կանչի դեսպան Թրեյսիին, ինչպե՞ս եք գնահատում սա: Ես կարծում եմ, որ դրանով վերջնականապես բացահայտվեց մեր կողմից վաղուց բարձրաձայնվող պնդումը, որ իրեն ընդդիմություն հռչակած խորհրդարանական փոքրամասնությունը և այդ ամբողջ քաղաքական, տնտեսական շրջանակները ծառայում են Մոսկվային, իսկ հիմա՝ փաստորեն նաև Թուրքիային ու Ադրբեջանին: Պատահական չէ, որ նույն հոխորտանքը տիկին Թրեյսիի ուղղությամբ մենք լսում ենք նաև Բաքվից: Ընդհանրապես ծիծաղաշարժ է, երբ մեկ հայկական կուսակցություն սպառնում է ԱՄՆ պես գերտերությանը, ուրեմն կամ նրանց հոգեկան վիճակն է խնդրահարույց, կամ էլ նրանց տրված պատվերն այնքան կոշտ էր, որ իրենք փաստորեն ուղիղ հակասության մեջ են մտել հայկական պետական, ազգային գերագույն շահերի հետ: Ոչ ոքի ուշադրությունից չվրիպեց այն հանգամանքը, որ տիկին Թրեյսիի հայտարարությունը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին, որի հիման վրա է լուծվելու Արցախի հարցը և հայկական այսօրվա ընդդիմության կենտրոններից մեկի՝ Հայ դատի հայտարարությունը հակասում են միմյանց: Իրենք պահանջեցին տիկին Թրեյսիի հեռացումը հենց այն օրը, երբ նա ասաց այն, ինչի մասին մենք երազում էինք տասնամյակներով:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
20-05-2022 22:29