«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումների շրջանակում մայիսի 21-ին ժամը 19:30-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունենալու ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Զենք. պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ինչպես հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ցուցադրվելու են արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ և սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, փամփշտակալ, հուշային-անվանական զենքեր՝ թրեր, շքադաշույններ, ատրճանակներ և այլ իրեր՝ Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից: Ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդելու է ռազմահայրենասիրական երգերի համերգային ծրագիր՝ ՀՀ ոստիկանության զորքերի երգչախմբի կատարմամբ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ավագ-լեյտենանտ Գևորգ Գևորգյանը: