Եվրոպայի խորհրդում այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է ուզում իրենցից հայ նախարարը

Ելույթ ունենալով Թուրինում Եվրոպայի խորհրդի նախարարական նիստում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ երկու տարի առաջ Ադրբեջանը, խախտելով ուժի չկիրառման սկզբունքը, պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա ընդգծել է, որ դրանից հետո Ադրբեջանը պնդում է, որ ԼՂ հարցը լուծված է: Ազգային դիվանագիտության ձեռքում միջազգային անվտանգության հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման խախտման մեղադրանքը լուրջ փաստարկ ու գործիք կդառնար: Նման լուրջ մեղադրանքին պետք է հաջորդեր հայտարարությունը, թե հայկական կողմը ագրեսիայի արդյունքը չի համարում հակամարտության լուծում և պնդում է վերանայում: Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդին կոչ է արել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին: Բայց Եվրոպայի խորհուրդը չի հասկացել, թե ինչի է փորձում հասնել Հայաստանը բանակցություններում: Արդյոք Հայաստանը ցանկանում է դեօկուպացիա և վերադարձ 1994 թվականի շփման գծին, ինչպես պնդում է Ֆրանսիայի Սենատը: Արդյոք Հայաստանի կառավարությունը ցանկանում է վերանայել «եռակողմ հայտարարությունը», ներգրավել միջազգային խաղաղապահ զորքեր և սահմանները որոշել միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերի հիման վրա: Թե՞ Հայաստանի իշխանությունը գոհ է ներկա վիճակից և պատրաստ է դա ամրագրել փաստաթղթով՝ հրաժարվելով Արցախից, Զանգեզուրից, Նախիջևանից, Արարատից: Խոսքը Արարատ լեռան մասին է, այլ ոչ թե նախարարի, ով փորձում է չնայել համանուն լեռան ուղղությամբ ու չհիշել 1921թ. ռուս-թուրքական ոճրագործությունը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
20-05-2022 23:40