Կարեւոր հայտարարություն Ուկրաինայից՝ Թուրքիայի հարցով

21-05-2022 08:51

Մարտ ամսին Բաքվի ՊՆ-ում ռուս խաղաղապահների հրամանատարության հանդիպումից հետո Արցախի Քարագլխի շրջանում Բաքվի զինվորականների ու խաղաղապահների իրականացրած համատեղ գործողությունն Ուկրաինայում ոգեւորությամբ ընկալվել էր որպես «Ադրբեջանի բացած երկրորդ ճակատ ՌԴ դեմ»: Սակայն որոշ ժամանակ անց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան շտկեց իրավիճակը, հայտարարելով, որ «այնտեղ իրավիճակն այլ է՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին գործում են Հայաստանի դեմ»: Բաքվից բացի, տեւական ժամանակ Ուկրաինայում դաշնակից էր համարվում նաեւ Թուրքիան: Սակայն ՆԱՏՕ-ի ընդլայնման, ՌԴ դեմ պատժամիջոցների, Մերձավոր Արեւելքից վարձկանների տեղափոխման հարցերում Թուրքիայի դիրքորոշումները պատճառ են դարձել, որ Կիեւում կասկածեն Անկարայի մտադրություններին: Բացի այդ, Թուրքիան միանում է «Պուտինի դեմքը փրկելու» արշավին, որի իմաստը Մոսկվայի տարածքային զավթումների ճանաչումն է հրադադարի դիմաց, կամ ինչպես Կիեւում են մեկնաբանում՝ Մինսկ 3-ի պարտադրումը: Ավելին, երկար ժամանակ Թուրքիայի միջնորդությամբ բանակցելով, Կիեւը ներկայում Մինսկ 3-ի կողքին է դնում Ստամբուլը, որտեղ ինչ որ փաստաթուղթ էր քննարկվում հրադադարի մասին: Մոսկվան ու Անկարան այսպիսով ծուղակ էին պատրաստել Կիեւի համար, փորձելով հաստատել Հայաստանի դեմ հաջողությամբ կիրառված եռակողմ ձեւաչափ: Ուկրաինան ներկայում հայտարարում է, որ Մինսկ 3 կամ Ստամբուլ չի լինելու: Բայրաքթարների մատակարարումներն ու Մոնթրոյի կոնվենցիան պահելու խոստումները եռակողմ ձեւաչափին հասնելու միջոց են, ոչ ավելի: Բաքուն ու Անկարան ներկայում Մոսկվայի հետ քննարկում են պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմներ, մասնավորապես էներգետիկայի ոլորտում:

Lragir.am,
21-05-2022 08:51